ՇՊՀ-ում դասախոսություն վարեց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը

 

ՇՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին համալսարանում «Հայոց գենետիկական պատմությունը» խորագրով դասախոսություն վարեց գենետիկ, կենսաբ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը։

Շիրակի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպումը մեկնարկեց ռեկտոր Երվանդ Սերոբյանի խոսքով, ով ևս մեկ անգամ ընդգծեց ուսումնական գործընթացին զուգահեռ ոչ ֆորմալ հանդիպումների կարևորությունը:

Լևոն Եպիսկոպոսյանը նախ խոսեց գենի, գենետիկ տեղեկությունների ու հիշողությունների մասին, ապա  ներկայացրեց հայ ժողովրդի գենետիկական պատմության, գենոֆոնդի կազմավորման վարկածները։

Անդրադառնալով բուռն բանավեճերի առարկա դարձած՝ հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցին՝ բանախոսը նշեց, որ իր և գործընկերների հետազոտությունները փաստում են, որ հայերը տարածաշրջանում բնիկ են։

Լ. Եպիսկոպոսյանը ներկայացրեց նաև իրենց հետազոտական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները:

Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումներով, բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման ավարտին գենետիկը ՇՊՀ-ի գրադարանին նվիրեց իր «ՉԸՆԴՀԱՏՎԱԾ ԿՈԴ․ հայոց գենետիկական պատմություն» գիրքը։