ՇՊՀ-ում ավարտական վկայականներ հանձնվեցին 20 կրեդիտի շնորհման մոդուլի մասնակիցներին
Օգոստոսի 15-ին տոնական էր մթնոլորտը Շիրակի պետական համալսարանում. ամփոփվեցին բուհում իրականացվող «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» (20 կրեդիտի շնորհման) մոդուլով նախատեսված աշխատանքները և վկայականներ հանձնվեցին առաջին փուլի տասնինը շրջանավարտներին:
ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը ջերմորեն շնորհավորեց ինչպես շրջանավարտներին, այնպես էլ վերոնշյալ մոդուլի ուսումնական պարապմունքներն անցկացրած դասախոսներին, կազմակերպիչներին՝ կարևորելով յուրաքանչյուրի գրանցած արդյունքն ու այն ջանքերը, որ նրանք ներդրեցին այս ընթացքում։ Մոդուլի իրականացման շուրջ չորս ամիսներին կատարված աշխատանքները նա համարեց արդյունավետ համագործակցություն, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանակման հարթակ, ինչը կօգնի մասնակիցներին է՛լ ավելի արդյունավետ լինել իրենց ընթացիկ և ապագա գործունեության ընթացքում։ Ռեկտորն ուրախությամբ և առանձնահատուկ դրվատանքի խոսքերով անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ մեդուլի մասնակիցները կարողացան թիմ ձևավորել և համախմբված ու պարտաճանաչ կերպով մասնակցել թե՛ուսումնական պարապմունքներին, պրակտիկային, և թե՛ ավարտական հետազոտական աշխատանքների պատրաստմանն ու դրանց պաշտպանությանը:
Ե. Սերոբյանը ողջունեց նաև միջոցառմանը ներկա գտնվող երկրորդ խմբի մասնակիցներին՝ մաղթելով, որ նրանք նույնպես կարողանան հաջողությամբ ավարտել իրենց վերապատրաստումը:
Իրենց շնորհակալության ու երախտագիտության ջերմ խոսքերով միջոցառումն ամփոփեցին մոդուլի մասնակիցները:
