ՇՊՀ-ում ամփոփվեց 20 կրեդիտի շնորհման դասընթացների առաջին փուլը
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում այսօր կայացավ «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» (20 կրեդիտի շնորհման) մոդուլով նախատեսված դասընթացների առաջին փուլի ավարտական հետազոտական աշխատանքների պաշտպանությունը՝ ազդարարելով ծրագրի առաջին փուլի հաջող ավարտը։
Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հինգ տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու նշված մոդուլով նախատեսված ուսումնական աշխատանքները։ Ուսումնառությունն իրականացվում է հիբրիդային՝ առկա և առցանց ձևաչափով։
Առաջին փուլի դասընթացները մեկնարկել էին ապրիլի 11-ին։ Մասնակիցներն անցել են տեսական և գործնական ուսուցում, իրականացրել մանկավարժական պրակտիկա և մասնակցել մոդուլով նախատեսված դասընթացների ամփոփիչ ստուգումներին։
Ուսումնական գործընթացն իրականացվել է ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ՝ ապահովելով ծրագրի բովանդակային և մեթոդական բարձր մակարդակը։
Հետազոտական աշխատանքների պաշտպանության ընթացքում մոդուլի մասնակիցները ներկայացրին ուսումնառության ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները, մանկավարժահոգեբանական պատրաստվածությունը և դրանց կիրառման կարողությունները։
Քննությունն անցկացվեց հաստատված կարգի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովի մասնակցությամբ։
Շիրակի պետական համալսարանը, իրականացնելով իր սոցիալական հանձնառությունը և հավատարիմ մնալով որակյալ կրթության ապահովման ու շարունակական մասնագիտական զարգացման առաքելությանը, շարունակելու է իրականացնել 20 կրեդիտի շնորհման մոդուլի աշխատանքները՝ ապահովելով ոլորտի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական առաջընթացի նոր հնարավորություններ։
