ՇՊՀ-ն և Տվերի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր կնքեցին

Շիրակի պետական համալսարանն այսօր հյուրընկալել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին և Տվեր քաղաքի «ԱՐԱՐԱՏ» հայկական ազգամշակութային ինքնավարություն ՀԿ-ի նախագահության ներկայացուցիչ Ելենա Գևորգյանին։

ՇՊՀ-ի ղեկավարության հետ հանդիպմանը ԱԺ պատգամավորը նշել է, որ վերջերս Գյումրին և Տվերը հռչակվել են քույր-քաղաքներ և ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է մի շարք ոլորտներում զարգացնել գործընկերային հարաբերությունները։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է Տվերի ու Գյումրիի համագործակցության շրջանակում կրթական, գիտական ու մշակութային ոլորտներում ևս համատեղ ծրագրերի իրականացումը։

Կողմերն առանձնակի կարևորել են Տվերի հայ համայնքի հետ համագործակցությունը։ Ելենա Գևորգյանը շեշտել է, որ Տվերում ակտիվ հայ համայնք ունեն և պատրաստակամ են աշխուժացնել քույր քաղաքների միջև կապը։

Այցի շրջանակում գործընկերության մեկնարկը դրվել է Շիրակի և Տվերի պետական համալսարանների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումով։ Պայմանագրով նախատեսվում է, որ երկու համալսարանները կհամագործակցեն պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի, ուսանողների ակադեմիական շարժունության, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման և մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։