ՇՊՀ-ն ու «ՆոյՄեդ» ՍՊԸ-ն համագործակցության հուշագիր կնքեցին

Այսօր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի, և «ՆոյՄեդ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վահագն Մելքոնյանի, համագործակցության հուշագիր կնքեցին՝ կարևորելով մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը և նպատակ հետապնդելով խթանել Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։

Հուշագրով նախատեսվում է վերապատրաստումների, դասընթացների կազմակերպում, ուսումնական ծրագրերի պարբերական թարմացում, նոր աշխատատեղերի ստեղծման խթանում, ուսանողների արտադրական պրակտիկաների կազմակերպում ընկերությունում, նորարարական ծրագրերի իրականացում՝ օգտագործելով կողմերի հնարավորությունները։

Համագործակցության առաջին քայլերն արվեցին այսօր՝ համալսարանում կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։

«ՆոյՄեդ» ՍՊԸ-ի աշխատակիցները ՇՊՀ-ի և Գյումրիի այլ բուհերի ուսանողներին և դասախոսներին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակը, խոսեցին իրենց հաջողությունների մասին՝ ոգևորելով երիտասարդներին՝ վստահել սեփական ուժերին, անընդհատ ինքնակրթվել և գնալ նպատակի հետևից։

Ընկերության աշխատակիցները նաև ներակայացրեցին իրական հնարավորություններ համալրելու իրենց թիմը։ Կազմակերպությունն առաջիկայում մասնաճյուղ է բացելու Գյումրիում և նախատեսում է կազմակերպել SAS ծրագրավորման երկամսյա անվճար դասընթացներ, որը հաջողությամբ ավարտածները հնարավորություն կունենան պրակտիկա, ապա նաև՝աշխատանքի անցնել «ՆոյՄեդ»-ում։