ՇՊՀ–ն ընդլայնում և բազմազանեցնում է կրթական ծառայությունների մատուցման շրջանակները
Առաջնորդվելով հասարակությանը մատուցվող ծառայությունների իրականացման իր ռազմավարական հանձնառությամբ՝ Շիրակի պետական համալսարանը մեկնարկել է «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» քսան կրեդիտի շնորհման մոդուլով նախատեսված աշխատանքները։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 06.03.2026թ. N 343-Ա/2 հրամանով այդ մոդուլը երաշխավորվել է գործածության հինգ տարի ժամկետով: ՇՊՀ–ն յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում անցկացնելու է նշված մոդուլով նախատեսված աշխատանքների իրականացման երկու փուլ:
Մոդուլով նախատեսված աշխատանքների իրականցման առաջին հանդիպման ժամանակ բուհի ռեկտոր Ե․ Սերոբյանը ողջունեց մասնակիցներին և արդյունավետ համագործակցություն ցանկացավ։
Նա նշեց, որ ՇՊՀ–ն ապահովել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մոդուլի իրականացման ընթացքում մասնակիցների համար ապահովվեն ուսումնական նյութերի մատուցման առավելագույն հասանելիությունն ու մատչելիությունը, ինչպես նաև մասնակիցների ներգրավվածությունը՝ կիրառելով ուսումնական գործընթացի անցկացման հիբրիդային ձևաչափը։
Այս ընտրությունն արժանացավ նաև մասնակիցների հավանությանը, քանի որ նրանք բնակվում կամ աշխատում են Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքներում։
Հանդիպումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի, կառուցողական քննարկման մթնոլորտում։
