ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ:
1991 թվականին անկախության հռչակումը իրականություն դարձրեց անկախ պետություն ունենալու մեր դարավոր երազանքը:

Պետականության կայացման բարդ ու պատասխանատու ընթացքում անխախտ է եղել կրթության և գիտության դերն ու նշանակությունը: Այսօր էլ կրթական բարեփոխումները միտված են հայրենասեր անհատի, իրավագիտակից քաղաքացու և որակյալ մասնագետի պատրաստմանը։

Անկախության պահպանման համար իրենց կյանքը չխնայեցին մեր հազարավոր հայորդիներ: Ոգեկոչելով նրանց հիշատակը՝ պարտավոր ենք այս շրջանում առավել, քան երբևէ, միասնական լինել՝ հանուն մեր ազգային շահի ու պետականության, ամրապնդել և զարգացնել մեր երկիրը՝ սերունդներին ավանդելու ավելի կայուն, գիտելիքահեն ու հզոր պետություն:

Մաղթում եմ բարեկեցություն բոլորիդ և խաղաղություն՝ մեր երկրին։