ՇՊՀ-ի ուսանողների այցը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

2022թ․-ի հոկտեմբերի 14-ին Շիրակի պետական համալսարանի կառավարում և հաշվապահական հաշվառում ու հարկում բաժնի 3-րդ կուրսի ուսանողները այցելել էին Հայաստանի աուդիտորների և փորձագետ  հաշվապահների  պալատ։ ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի դասախոս Հրաչ Խաչատրյանը ներկայացրել էր աուդիտ և հաշվապահություն  մասնագիտությունների նպատակը, դրանց ընձեռած հնարավորությունները, Պալատի կրթական ծրագրերը, որակավորման համակարգը: Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը ներկայացրել է Պալատը որպես պետության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույց, նրան փոխանցված գործառույթները, Պալատի կողմից մասնագիտության զարգացման, միջազգային համագործակցության շրջանակներում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական գործունեության ծավալման շրջանակներն ու ոլորտները։ Հ. Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ Պալատի որակավորման համակարգին և կրթական ծրագրին, ծանոթացրեց նրանում ընդգրկված առարկաներին, քննական ծրագրին, որակավորում շնորհելու չափանիշներին և պահանջներին։

«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական և խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունը, երիտասարդ կադրերի ներգրավման, համալսարան-աշխատաշուկա կայուն կապ ապահովելու համար 2021թ․-ին ընկերության կողմից ստեղծված «Գրանթ Թորնթոն» ակադեմիան: Ինչպես նաև ներկայացրեց, որ պատրաստակամ են ներգրավել ՇՊՀ-ի ուսանողներին  որպես երիտասարդ կադր, եթե կբավավարեն իրենց պահանջներին։ Հայկ Մնացականյանը նշեց, որ Պալատը պատրաստակամ է  հնարավոր բոլոր հարցերում աջակցել ուսանողներին մասնագիտության զարգացման և կատարելագործման նրանց ցանկության ճանապարհին։ Հանդիպումն ավարտվեց ուսանողների հարցադրումներով և հանդիպման կազմակերպման համար շնորհակալական խոսքերով: Այսպիսի հանդիպումները թույլ են տալիս ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ, ինչպես նաև պատկերացնել իրենց գիտելիքների գործնական կիրառության ոլորտները։ Ակնկալում ենք, որ  նման  հանդիպումներն ավանադույթ կդառնան ուսանողների համար։