ՇՊՀ-ի ավագ դպրոցի ուսուցիչները բարձր արդյունքներ են գրանցել կամավոր ատեստավորմանը

«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի «Ֆիզիկա», «Գերմաներեն» և «Անգլերեն» առարկաների ուսուցչուհիներ Ելենա Գալստյանը, Լուսինե Իկիլիկյանը և Նարինե Աբրահամյանը մասնակցել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, գրանցելով գերազանց արդյունքներ և ըստ ՀՀ կառավարության որոշման՝ կստանան հավելավճար։

Հատկանշական է, որ ավագ դպրոցի փորձառու և վաստակաշատ ուսուցիչները Շիրակի մայր բուհի շրջանավարտներ են, և նրանց ձեռքբերումները կրթական ու հասարակական ոլորտներում զգալի են։

ՇՊՀ-ի ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Լուսինե Իկիլիկյանը մեկ տասնամյակից ավել դասավանդում է դպրոցում, զուգահեռաբար գերմաներեն է դասավանդում այլ կրթական հաստատություններում ևս։

15-ից ավելի մասնագիտական վերապատրաստման և ակադեմիական շարժունության ծրագրերի է մասնակցել Գերմանիայում, վերապատրաստման դասընթացներ է վարել ուսուցիչների համար։ Կայուն կապեր հասատատելով Գերմանիայի, Ավստրիայի մի քանի դպրոցների ու վարժարանների հետ՝ իր նախաձեռնությամբ ակտիվ համագործակցային ծրագրեր է իրականացնում։ ՇՊՀ-ի ավագ դպրոցը պարբերաբար ընդունում է գերմանացի կամավորներ, դպրոցում կազմակերպվում են դասընթացներ ու սեմինարներ գերմանական ծրագրերի շրջանակներում, դպրոցի աշակերտներն  էլ ակտիվորեն մասնակցում են միջազգային մի շարք ծրագրերի։

Լուսինե Իկիլիկյանը նաև հասարակական բարձր ակտիվություն է ցուցաբերում, անձնական կապերի միջոցով պարբերաբար  տարատեսակ նախաձեռնություններով է հանդես գալիս՝ աջակցելով սոցիալապես անապահով խմբերին, վերջին 2 տարում նաև՝ պատերազմի մասնակիցներին։

Անգլերենի վաստակաշատ ուսուցչուհի Նարինե Աբրահամյանը գերազանցությամբ է ավարտել Շիրակի մայր բուհի անգլերեն-ռուսերեն բաժինը, երկար տարիներ  աշխատում է հանրակրթության ոլորտում, 2017 թվականից դասավանդում է ՇՊՀ-ի ավագ դպրոցում։

2 գիտական հոդվածների հեղինակը ստացել է նաև ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ։

Նարինե Աբրահամյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից պարգևատրվել է գերազանցության վկայականով և պատվո նշանով, Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության կողմից՝ նվաճումների վկայագրով։

ՇՊՀ-ի ավագ դպրոցի երիտասարդ ուսուցչուհի Ելենա Գալստյանը Շիրակի մայր բուհի շրջանավարտ է, բակալավրի և մագիստրոսի կրթություն է ստացել «Ֆիզիկա» մասնագիտությամբ և անմիջապես աշխատանքի անցել՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։

Ելենա Գալստյանն աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ և պարտաճանաչությամբ։  Մշտապես ձգտում է կատարելագործել մասնագիտական հմտությունները, վայելում է աշակերտների ու գարծընկերների սերն ու հարգանքը։