Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ

Մասնագիտական կողմնորոշման այցով Շիրակի պետական համալսարանում էին բուհի ապագա դիմորդները։

Հանդիպումը կազմակերպվել էր  ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի ու «Աջակցություն տաղանդավոր և օժտված երեխաներին» ՀԿ-ի համագործակցությամբ։

Գյումրու տարբեր դպրոցների 12-րդ դասարանի աշակերտներին ողջունեց ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը՝ կարևորելով նրանց այցն համալսարան և հաջողություններ մաղթելով իրենց ընտրած մասնագիտությամբ։

Այցի շրջանակներում աշակերտները  շրջեցին ֆակուլտետներում, որտեղ դեկանները և ամբիոնների վարիչները ներկայացրեցին մասնագիտությունները, որոնցով կատարվում է ընդունելություն, խոսեցին գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկվելու, ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցելու, արդյունավետ պրակտիկաներ ունենալու հնարավորությունների մասին։

Ապագա դիմորդները եղան նաև ընթերցասրահում, նիստերի և սպորտային դահլիճներում, «Բանականության բանալի» ակումբում։

Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ աշակերտները ոչ միայն համալսարանին ծանոթացան, այլ նաև ստացան ընդունելության կարգին և մասնագիտությանն առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։