Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ

Շիրակի պետական համալսարանում այսօր ուսանողների հետ հերթական հանդիպումն անցկացրեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արամայիս Սիմոնյանը ներկայացրեց «Առաջնորդության զարգացման» երկամյա ծրագիրը, խոսեց դրա ընձեռած հնարավորությունների, ներկայացվող պահանջների և դիմելու կարգի մասին։

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին և երիտասարդ մասնագետներին, գործուղում է նրանց Հայաստանի մարզային այն դպրոցները, որտեղ կա ուսուցչի կարիք։

«Առաջնորդության զարգացման» ծրագրին մասնակցության իր հաջողության պատմությունը ներկայացրեց «Աշխարհագրություն» մասնագիտությամբ Շիրակի մայր բուհի բակալավրի և մագիստորսի կրթական ծրագրերի շրջանավարտ Վոլոդյա Գրիգորյանը։

Վոլոդյան ծրագրի շրջանակներում աշխարհագրություն է դասավանդել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում՝ դրական փոփոխություններ բերելով ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի կյանքում։ Նրա խոսքերով՝ նաև մասնագիտական ու անձնային աճ է գրանցել, ստեղծել է կայուն կապեր և ընդգրկվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մի շարք այլ նախաձեռնություններում։

Ծրագրի մասնակիցը ՇՊՀ-ի ուսանողներին խրախուսեց մասնակցել ծրագրին՝ այդկերպ նպաստ բերելով կրթության որակի բարձրացմանն ու համայնքների զարգացմանը։

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով․ https://arm.teachforarmenia.org/