SMARTI ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում

Հոկտեմբերի 6-8-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) Ծրագրի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում, որը անցկացվեց  հիբրիդային ձևաչափով: Շիրակի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցում էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը և Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարտիկյանը:

Գորիսի պետական համալսարան աշխատանքային այցի առանցքային բաղադրիչ էր Headway (by Liz and John Soars) անգլերեն գրքին անդրադարձը մեթոդական առումով:

Մասնակիցները վեր էին հանել գրքի բովանդակային, կառուցվածքային առանձնահատկությունները՝ կատարելով SWOT վերլուծություն: ՇՊՀ-ն ներկայացնող անգլերենի մասնագետ Հ. Մատիկյանը  նախապես ուսումնասիրել էր վերը նշված գրքի թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր տարբերակները: Գրքի մեթոդական բնութագիրը համակողմանի ներկայացնելու համար հարցում է անցկացվել մոտ 20 ուսանողի շրջանում, որի արդյունքները երևում էին ներկայացված պրեզենտացիայի մեջ:

Աշխատաժողովի երրորդ օրը տեղի ունեցավ հանրային պատասխանատուների վերապատրաստում, քանի որ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես մասնագիտական ու կազմակերպչական գործառույթների պատշաճ կատարմանը, այնպես էլ ծրագրի տեղեկատվության տարծմանը: Վերապատրաստմանը ՇՊՀ-ից մասնակցում էր հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարտիկյանը: Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում մինչ այժմ կատարված տեղեկտվության տարածման աշխատանքները ներկայացրին համապատասխան երկրների համակարգողները:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես կազմել տեղեկատվական նամակներ, ինչ ձևաչափում ներկայացնել, ինչպես տարածել սոցիալական հարթակում և ինչպես առավելագույնի հասցնել UCP Excel ծրագրում տեղեկատվության տեղադրումն ու կայքերին միանալու արդյունավետությունը:

Ներկայացվեց նաև SMARTI ծրագրի պաշտոնական կայքը: