ՇՊՀ-ում վերապատրաստումների մասնակցած հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները վկայականներ ստացան

Շիրակի պետական համալսարանում այսօր վկայականներ հանձնվեցին հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին, ովքեր մասնակցել էին վերապատրաստման դասընթացներին և ստացել համապատասխան կրեդիտներ։

ՇՊՀ-ն այս տարի առաջին անգամ էր հայտ ներկայացրել և երաշխավորվել որպես վերապատրաստող կազմակերպություն՝ հանրակրթական բոլոր առարկաների գծով։

Համալսարանում 99 ուսուցիչ է մասնակցել վերապատրաստման դասընթացներին 6 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, մաթեմատիկա, նախնական զինվորական պատրաստություն, ֆիզկուլտուրա, տարրական ուսուցման մեթոդիկա։

Ուսուցիչներին ատեստավորումը հաջողությամբ անցնելու համար շնորհավորեց ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ մաղթելով աշխատանքային և մասնագիտական հաջողություններ։ Ռեկտորի պաշտոնակատարը նաև վստահեցրեց, որ համալսարանը մշտապես պատրաստ է աջակցել մանկավարժներին մասնագիտական խորհրդատվությունների ձևով, անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օգտվել համալսարանի նյութատեխնիկական բազայից։

Ուսուցիչները ևս շնորհակալական խոսքեր հայտնեցին դասընթացները կազմակերպող թիմին և վերապատրաստող դասախոսներին։ Նրանցից շատերը փաստեցին, որ դասընթացները առավել քան արդյունավետ են եղել, առանձնացրեցին, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացից ձեռք բերած կիրառական հմտությունները։