‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով ՇՊՀ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

‹‹ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ››

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-27, 2018Թ.

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2018թ. հոկտեմբերի 26-27-ը Շիրակի պետական համալսարանում կայացավ ‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակը հանրակրթության ոլորտում և բուհում իրականացվող բարեփոխումներ, կրթության արդի հիմնախնդիրներ, նորագույն մեթոդներ քննարկելը, կարծիքներ փոխանակելը և անհրաժեշտ առաջարկներ ներկայացնելն էր:

Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել ոլորտի մոտ 120 մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի մի շարք համալսարաններից:

Հոկտեմբերի 26-ին գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում և 3 բաժիններում՝ մանկավարժություն, մասնավոր մեթոդիկաներ, հատուկ մանկավարժություն: Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ընթերցվեցին ՀՀ ԿԳՆ նախարար Ա. Հարությունյանի, ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի նախագահ       Ս. Հարությունյանի ողջույնի ուղերձները: Զեկուցմամբ հանդես եկան պրոֆեսորներ       Ի. Կարապետյանը և Ռ. Մարդոյանը: Ճաշի ընդմիջումից հետո, որն ուղեկցվեց Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի երաժշտավար Երվանդ Վարոսյանի լարային քառյակի՝ դասական երաժշտության կատարմամբ, գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժիններում, որտեղ ծրագրին համապատասխան զեկուցումներով հանդես եկան ոլորտի մասնագետները: Գիտաժողովի աշխատանքներից հետո արտասահմանից ժամանած հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող արժեքներին:

Հոկտեմբերի 27-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 2 բաժիններում՝ մանկավարժություն, մասնավոր մեթոդիկաներ: Ճաշի ընդմիջումից հետո, որն այս անգամ ուղեկցվեց դաշնակահարի՝ դասական երաժշտության կատարմամբ, գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժիններում և ծրագրով նախատեսված պաստառային զեկուցումների ընթացքում: Վերջիններիս մի մասը զեկուցվեց բաժիններում, մյուս մասը՝ հենց պաստառային զեկուցումների տեսքով: Աշխատանքների ավարտից հետո գիտաժողովի արդյունքներն ամփոփվեցին համանախագահների կողմից, ովքեր հաստատեցին, որ բաժիններում գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ: Նշվեց նաև, որ որոշ քննարկումների և առաջարկությունների արդյունքում հեղինակների ներկայացրած հոդվածները կենթարկվեն մասնակի փոփոխությունների:

Գիտաժողովի ընթացքում մասնակիցների համար, ըստ անհրաժեշտության, ապահովվել է համաժամանակյա թարգմանություն:

Գիտաժողովի կազմակերպման հարցերում աջակցություն են ցուցաբերել նաև ուսանողները՝ ապահովելով, օրինակ, երկլեզու թարգմանություն էքսկուրսիայի ժամանակ, ինչը յուրօրինակ փորձառություն էր իրենց համար:

Ներկայացված գիտական այն հոդվածները, որոնք արտաքին գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն գիտաժողովի աշխատանքների ժողովածուում:

‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› միջազգային գիտաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ

‹‹Համալսարանական լրագրի› անդրադարձը

Շիրակի հանրային հեռուստաընկերության անդրադարձը

«Ցայգ» հեռուստաընկերության անդրադարձը