«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, Պորտո
2022թ. հունվարի 16-22-ը Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (Պորտո) տեղի ունեցավ «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում՝ Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները Հայաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից և Լատվիայից: Միջոցառմանն առցանց մասնակցում էին նաև գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Նշյալ վերապատրաստմանը Շիրակի պետական համալսարանից մասնակցում էին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն—պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը և Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը:
Մեկշաբաթյա վերապատրաստումը երկձևաչափ էր՝ առկա և առցանց, որին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Եվրոպական բուհերի ներկայացուցիչները տեսաշարերի և սալիկաշարերի կիրարկմամբ ներկայացնում էին կրթական ծրագրերը, անգլերենով դասավանդելու արդիական մեթոդաբանությունը մասնահատկությունները, ուսանողակենտրոն ուսուցմանը նպաստող գործոնները, ինչպես նաև մոտիվացիոն նամակ, հաշվետվություն գրելու առանձնահատկությունները:
Վերապատրաստման մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: