Հնարավորությունների բացահայտման 4 օր՝ ԱՄԷ-ում

Փետրվարի 3-6-ը Հայաստանի բուհերի բնական գիտությունների ֆակուլտետներում սովորող 14 լավագույն ուսանողներ հնարավորություն ունեցան այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանության նախաձեռնությամբ։

Ուսանողներն եղել են Մասդար քաղաքում, ծանոթացել քաղաքի գիտահետազոտական կենտրոններին, կայուն քաղաքի ձևավորման մոդելներին։ Խալիֆայի համալսարանում հայ ուսանողները ծանոթացել են Ավիատիեզերական հետազոտությունների նորարարության, առողջապահական ոլորտի էմիրաթական ICT ինովացիոն կենտրոններին, շրջայց են կատարել համալսարանի նորարական ճամբարում և մարմնի կառուցվածքի համաշխարհային թանգարանում։

Հայ պատվիրակները հյուրընկալվել են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատանը, այցելել են Շեյխ Զայեդի մեծ մզկիթ և բացահայտել այլ տեսարժան վայրեր։

Շիրակի պետական համալսարանից պատվիրակության կազմում էր ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանը։

Մեզ հետ զրույցում, ուսանողուհին 4-օրյա ճամփորդությունը բնութագրեց երազանքների իրականացման ու հնարավորությունների բացահայտման օրեր։

Անմոռանալի տպավորություններով Աննան կիսվել է համալսարանական ընկերների հետ, ասում է «տեխնոլոգիական առաջընթաց ու նորագույն լուծումներ» կոչվածը, իրոք, իրականություն է և պետք է ամեն ինչ անել, որ մեր երկիրն ու քաղաքը նույնպես գնան տեխնոլոգիական առաջընթացի ճանապարհով։