Պարգևատրվել են ՇՊՀ-ի լավագույն ուսանողները

Այսօր՝ Ուսանողների միջազգային օրը, Շիրակի պետական համալսարանում պարգևատրվեցին 2020-21 ուստարվա ուսանողների վարկանիշավորման մրցույթի հաղթողները։

Հանդիպումն սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ նոյեմբերի 16-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված քաջորդիների։

Ըստ ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի՝ ուսանողների անվանակարգումը կատարվում է՝ հաշվի առնելով նրանց ուսումնամեթոդական, գիտահետազոտական և հասարակական գործունեությունը։

2020-21 ուստարում վարկանիշավորման մրցույթի արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրել է Մառա Հարությունյանը (Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ), 2-րդ տեղը՝ Վարդուհի Մուրազյանը (Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ), 3-րդ տեղը՝ Ամալյա Գալստյանը (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ)։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, համալսարանի կենտրոնների ղեկավարները և ֆակուլտետների դեկանները շնորհավորական խոսքեր հղեցին ուսանողներին՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ, ուսումնական ու գիտական նոր ձեռքբերումներ։

Վարկանիշավորման մրցույթի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները ևս շնորհակալական խոսքեր ասացին՝ շեշտելով, որ համալսարանական միջավայրում իրենք ոչ միայն որպես մասնագետներ են կայացել, այլ նաև անձնային լավագույն որակներ ու հատկանիշներ են ձեռք բերել, իրենց մասնագիտական գործունեությամբ էլ պատրավորվում են գործել ի նպաստ հարազատ բուհի ու հայրենի երկրի։