Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ ամփոփում

Ամառային դպրոցի վերջին՝ 5-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետին ծանոթանալով։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ Լուսիկ Ղուկասյանը ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտությունները, խոսեց մասնագիտական կրթության առանձնահատկությունների, ուսանողական ակտիվ առօրյայի մասին։

Արտասահմանյան բուհերում սովորելու հնարավորությունները և համալսարանի միջազգային համագործակցությունների մասին ամառային դպրոցի ուսանողներին տեղեկություններ հաղորդեց արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը։

Օրվա երկրորդ կեսին աշակերտները ինտելեկտուալ խաղերի մասնակցեցին։ Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանի կազմակերպած «Սեփական խաղ»-ի և «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի առաջնության ավարտին որոշվեցին լավագույն թիմն ու լավագույն գիտակը։

Ինտելեկտուալ պայքարին հաջորդեց սպորտայինը․ աշակերտները տարբեր խաղաձևերից ուժերը չափեցին սպորտլանդիայի ընթացքում և որոշեցին լավագույն մարզիկին։

Օրվա ավարտին տեղի ունեցավ «Ամառային դպրոց» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Աշակերտներին մասնակցության վկայականներ, մրցանակակիրներին էլ՝ պատվորգրեր ու նվերներ հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Ռեկտորը, լսելով աշակերտների կարծիքներն ու տպավորությունները, հաջողված համարեց ամառային դպրոցի առաջին ծրագիրն ու վստահեցրեց, որ այն շարունակական է լինելու։

Աշակերտները հեռացան Շիրակի մայր բուհից` համալսարանի և ուսանողական կյանքի մասին պատկերացումներով, մասնագիտական ոլորտում առավել հստակ կողմնորոշմամբ, նոր ծանոթություններ ձեռք բերած և կրկին ՇՊՀ վերադառնալու ցանկությամբ։