Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 2

Ամառային դպրոցի 2-րդ օրը ՇՊՀ-ում մեկնարկեց սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում։

Մասնակից 3 տասնյակից ավելի աշակերտները ծանոթացան ֆակուլտետի և ամբիոնների գործունեությանը, մասնագիտությունների ցանկին, որոնցով իրականացվում է ընդունելություն, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հոգեբանության բաժնի ուսանողներն էլ աշակերտների հետ հոգեբանական թեստեր անցկացրեցին՝ պարզելու նրանց հաջողության մոտիվացիան։

Աշակերտներն այնուհետ տեղեկատվական անվտանգության կանոններին ծանոթացան։ Ինչպե՞ս չդառնալ հաքերային հարձակումների ու ֆիշինգի զոհ, ինչպե՞ս պաշտպանել անձնական սարքերն ու օգտահաշիվները, այս և ՏՏ անվտանգությանն առնչվող այլ հարցերի պատասխաններն աշակերտներն ստացան ՇՊՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գևորգ Ասատրյանից։

Օրվա ավարտն այս անգամ ազդարարվեց սպորտային հրաձգության մրցումով, որն անցկացվեց համալսարանի հրաձգարանում՝ ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գևորգ Աղանյանի ղեկավարությամբ։ Հատկանշական է, որ աղջիկների և տղաների պայքարում առավել բարձր արդյունքներ գրանցեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։