«Մեղր և բույս» թեյարանի հիմնադրի հաջողության պատմությունը․ հանդիպում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ այսօր հաջողության իր պատմությամբ կիսվեց «Մեղր և բույս» թեյարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը` Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի նախաձեռնությամբ:

3 բարձրագույն կրթություն ունեցող, 4 օտար լեզվի տիրապետող, Շվեյցարիայում ապրող ու քաղաքացիություն ունեցող Արտուշ Եղազարյանին հայրենիքի հանդեպ սերն ու սեփական երկրում նոր գաղափարներ իրագործելու ձգտումը բերեց Գյումրի։

Այսօր արդեն հաջողակ գործարարը պատմեց, թե ինչպես է ընկերների հետ բիզնես պլան մշակել, ուսումնասիրություններ կատարել, ինչ դժվարությունների է հանդիպել այդ ճանապարհին, խոսեց նախատեսվող նոր ծրագրերից։

Բանախոսը ուսանողներին խորհուրդ տվեց լինել համարձակ, ինքնուրույն, շարունակ ինքնակրթվել, նպատակներ  ունենալ ու չվախենալ դրանք կյանքի կոչելուց։

Ուսանողներին աշխատելու, սեփական բիզնես գաղափարն ստեղծելու խորհուրդներ տվեց նաև շվեյցարիացի պանրագործ ֆերմերը, որը Շիրակի մարզում է խորհրդատվության ու սկսնակ ձեռնարկատերերին օգնելու նպատակով։

Արտուշ Եղիազարյանը պատասխանեց ուսանողների հարցերին ու կարևորեց միջոլորտային փոխազդեցությունները, որոնք ունենում են ստեղծարար արդյունքներ։