ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթ

Առաջնորդվելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» (այսուհետ՝ ՇՊՀ) հիմնադրամի կանոնադրությամբ և նույն հիմնադրամի՝ ռեկտորի ընտրության կանոնակարգով` ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ ՀԽ) հայտարարում է «Մ.Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) պաշտոնի համար մրցույթ:

       Մրցույթն  անցկացվելու է Շիրակի պետական համալսարանում, 2019 թ. մարտի 2-ին, ժամը 12:00-ին: Հասցե. Հայաստան-3126, ք. Գյումրի,  փ.Պ.Սեւակի — 4,  I հարկ «Բանականության բանալի» ակումբ:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) ինքնառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) լուսանկար, մեկ հատ 3 սմ x 4 սմ չափսի,

գ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

դ) ինքնակենսագրական, որը պետք է պարունակի հավակնորդի ուսման, աշխատանքային, գիտակրթական գործունեության փորձի նկարագիրը եւ կազմված լինի այս կանոնակարգի հավելված հանդիսացող ձևաչափով: Ձևաչափի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել ՇՊՀ պաշտոնական կայքից,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,

զ) հավակնորդի գործունեության ծրագիրը, այն է՝ «ՇՊՀ զարգացման հայեցակարգը»՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: ՇՊՀ զարգացման հայեցակարգը պետք է կազմված լինի ՀՀ կառավարության 2015 թ. հունվարի 22-ի նիստի թիվ 2 արձանագրային որոշմամբ սահմանված՝  «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի» համապատասխան. https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2015/01/2-5_1ardz.pdf?fbclid=IwAR1OKo94abrx7e77qVcW0a9t0rVjmrZRBcqaIjG1UngAc-GjS11a3wg33fQ

Փաթեթը պետք է պարունակի նաև ծրագրի էլեկտրոնային տարբերակը՝ էլեկտրոնային կրիչի վրա:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրված) հանձնվում է ՇՊՀ ՀԽ քարտուղարին` առձեռն կամ ուղարկվում է փոստով: Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված, եթե ստացվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը: Փոստային առաքման դեպքում ՀԽ քարտուղարը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում ՀԽ քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի հանձնախումբը: Հավակնորդի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի փետրվարի 22-ը: Փաստաթղթերը կարելի է հանձնել հանձնախմբին մինչև փետրվարի 22-ը ներառյալ ցանկացած աշխատանքային օր, ժամը 15:30-ից 16:30-ը:

Հավակնորդի փաստաթղթերի ընդունման կամ ստացման վայրը Շիրակի պետական համալսարանն է, հասցե՝ Հայաստան-3126, ք. Գյումրի, փ.  Պ.Սեւակի- 4:

ՇՊՀ կանոնադրության համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդը ներգրավվում է թեկնածուների ցանկում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու եւ վերոհիշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում: Թեկնածուները մրցույթի ժամանակ իրավունք են ունենալու մինչեւ 30 րոպե տևողությամբ ելույթ ունենալու և պատասխանելու ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ նիստում ներկա ՇՊՀ աշխատակիցների և ուսանողների հարցերին:

Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի հիսուն տոկոսից ավելի ձայն: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարվա ժամկետով:

Ռեկտորի պաշտոնի հավակնորդները իրավունք ունեն մինչեւ հայտերը ներկայացնելը այցելել ՇՊՀ և դրա ստորաբաժանումներ (ավագ դպրոց, քոլեջ, ռազմական ամբիոն), ծանոթանալու աշխատակիցներին, լսելու նրանց, ծանոթանալու ՇՊՀ տնտեսությանը եւ կառուցվածքային ստորաբաժանումներին: Այցերի համար հարկավոր է դիմել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  պարոն Երվանդ Սերոբյանին՝ աշխատանքային օրերին ժամը 10-ից 16-ը: Հավակնորդները կարող են ծանոթանալ ՇՊՀ հիմնադրամին առնչվող, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ տնօրինվող և օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող փաստաթղթերին՝ համացանցից (www.shsu.am) կամ առձեռն ստանալով պատճենները:

ՇՊՀ ռեկտորի աշխատավարձը սահմանված է 700.000 դրամ՝ եկամտահարկը և պարտադիր վճարները ներառյալ: Այն վճարվում է համալսարանի բյուջեից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար պարոն Կարեն Ավագյանին (հեռ.՝093188194,  էլ. փոստի հասցե karen200804@gmail.com):

ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգ-30.08.2018

Հավելված