ՇՊՀ-ում կայացավ առաջին հոգեբանական օգնության երկօրյա դասընթաց

Հոկտեմբերի 10-11-ը Շիրակի պետական համալսարանում կայացավ «Ինչպե՞ս օգնել աղետի մեջ գտնվող երեխաներին․ առաջին հոգեբանական օգնություն» թեմայով դասընթացը՝ «Հոգեբանություն» մասնագիտության բարձր կուրսերի ուսանողների մասնակցությամբ։

Երկօրյա դասընթացն անցկացվեց հաշվի առնելով արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունները ու դրանց հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների ու հատկապես երեխաների համար հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը։

ՇՊՀ-ի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Արմինե Գմյուր-Կարապետյանը ապագա հոգեբաններին ծանոթացրեց աղետի մեջ գտնվող երեխաների հետ աշխատանքի նրբություններին ու առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու հմտություններին։

Ի՞նչ է տրավման և ի՞նչ ազդեցություն ունի այն մարդու կենսագործունեության և բնականոն զարգացման վրա, որո՞նք են հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշանները, ի՞նչպես կազմակերպել առաջին հոգեբանական աջակցությունը․ այս ու այլ հարեցերի պատասխանները ուսանողներն յուրացրեցին դասախոսության, տարատեսակ վարժությունների ու խաղերի միջոցով։

Ուսանողները քայլ առ քայլ սովորեցին, թե ինչ է կատարվում նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների հետ, երբ նրանք հայտնվում են տրավմատիկ իրավիճակներում և թե ինչպես պետք է արձագանքի հոգեբանը յուրաքանչյուր տարիքային փուլում նրանց հետ աշխատելիս։

Նախաձեռնողները կարևոր են համարում դասընթացի անցկացումը և հույս հայտնում, որ ստացած գործնական հմտություններով ուսանողները հնարավորություն կունենան հոգեբանական օգնություն տրամադրել պատերազմական գոտուց Գյումրի տեղափոխված երեխաներին։