ՇՊՀ ռազմական ամբիոնը մասնակցեց Առաջին Հանարպետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին

100 տարի առաջ այս օրը՝ 1918թ․ մայիսի 28-ին, Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը: Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը: Այսօր Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Սարդարապատում՝ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

«Հաղթանակների դար» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցեցին նաև Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները՝ փոխգնդապետ Տիտանյանի ղեկավարությամբ:

Ապագա մանկավարժ-զինվորականները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում, հետևեցին զինտեխնիկայի ստուգատեսին ու ռազմական շքերթին:

Ի դեպ, շքերթին ներկայացվեցին պետականության հարյուր տարվա երեք ռազմական հաղթանակներն ու դրանք կերտող զինվորական ստորաբաժանումները: Մայիսյան փառահեղ հաղթանակների հերոսականությամբ ոգևորվածությամբ էլ Շիրակի մայր բուհի ուսանողներն ընտրել են իրենց մասնագիտությունը՝ ծառայելու հայրենիքին և հերոսական ոգով դաստիարակելու գալիք սերնդին: