Լրագրության դաս՝ Նոր Կյանքի դպրոցում

Փետրվարի 1-ին Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոսները՝ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների հետ համատեղ մասնագիտական կողմնորոշման դասընթաց անցկացրեցին Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիների համար։ Լրագրության բաժնի դասախոսները ներկայացրեցին լրագրողի բարդ ու պատասխանատու մասնագիտության առանձնահատկությունները, խոսեցին մասնագիտական նրբություններից, պատերազմական իրավիճակում վերջիններիս դերակատարությունից։ Հանդիպման ընթացքում աշակերտները զբաղվեցին նաև ստեղծագործական աշխատանքով․ նրանք փորձեցին լուրի ձևաչափով ներկայացնել դպրոցի ճաշարանում գյուղի բնակիչների մասնակցությամբ բանակի համար ցանցեր գործելու մասին նյութեր, ապա վերնագրեցին դրանք։ Հանդիպումն անցավ բավական ակտիվ․ աշակերտներից շատերն անկեղծացան, որ երբևէ չէին մտածել լրագրող դառնալու մասին, սակայն այս քննարկումը օգնեց իրենց ընդլայնել նախընտրած մասնագիտությունների ցանկը, մտածել նաև հնագույն ու միաժամանակ՝ ժամանակակից այս մասնագիտության մասին։

Ի դեպ, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական աստղագիտական լրագրության մրցույթին այս տարի հաղթող է ճանաչվել Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանը, որը մասնագիտությամբ թեև լրագրող չէ, սակայն ակտիվ է աստղագիտության հանրայնացման գործում։