Մասնագիտական կողմնորոշման այցեր ՇՊՀ

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել են դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվող հերթական միջոցառումները։
Հունվարի 24-ին և 25-ին համալսարանը հյուրընկալել էր Գյումրու թիվ 1 և Գյումրու թիվ 2 ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին։
ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ աշակերտները շրջայց են կատարել համալսարանում, եղել են ընթերցասրահում, լաբորատորիաներում, նիստերի և սպորտային դահլիճներում, «Բանականության բանալի» ակումբում։
Ֆակուլտետներում դեկանները և ամբիոնների վարիչները ապագա դիմորդներին ներկայացրել են ՇՊՀ-ի մասնագիտությունները, ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները, պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին։