ՇՊՀ-ի կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման այցերը շարունակվում են
Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ի կողմից իրականացվող տեղեկատվական հերթական հանդիպումները տեղի ունեցան Գյումրու թիվ 37 ու թիվ 45 ավագ դպրոցներում, թիվ 8 միջնակարգ դպրոցում և Ֆոտոն վարժարանում։
Հանդիպումների ընթացքում ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն ապագա դիմորդներին ներկայացրեց բուհական համակարգի ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները, ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը։
Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մեսրոպ Ղալաչյանն էլ աշակերտներին ներկայացրեց այն բոլոր հնարավորություններն ու արտոնությունները, որոնք տրվում են ուսանողներին ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում։ Մասնավորապես այն, որ ՇՊՀ-ն առաջակում է որակյալ կրթություն հայաստանյան բուհերի համեմատ ամենամատչելի վարձավճարներով, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) և միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով եվրոպական բուհերում ուսումնառություն ստանալու հնարավորություն։
Հանգամանորեն ներկայացվեցին նաև ՇՊՀ-ում գործող զեղչային համակարգերը, ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող արտոնությունները (70 000 ՀՀ դրամ կրթաթոշակ):


















