Էրազմուս+ T4GREEN ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում անցկացվեց աշխատաժողով, որին մասնակցում էին այն մասնագիտական ամբիոնների դասախոսները, որոնց ուսումնական պլաններում նախատեսված է կատարել լրամշակումներ՝ ապահովելու համար կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրումը:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ T4GREEN ծրագրի նպատակն է՝ բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ աջակցելով կանաչ և թվային անցմանը:

Աշխատանքյին հանդիպման սկզբում ծրագրի ՇՊՀ համակարգող Հ. Մելքոնյանը ներկայացրեց օրակարգը և բանախոսներին:

 ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք ցանկացավ՝ կարևորելով իրականացվող ծրագրի անհրաժեշտությունը ժամանակակից կրթական համակարգի թվայնացման ու կայուն զարգացման նպատակների համատեքստում:

Այնուհետև բանախոսները՝ ՇՊՀ-ի որակի ապահովման բաժնի պետ Գ. Ավետիսյանը, Մանկավարժության ամբիոնի վարիչ Լ. Ղուկասյանը և Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Ն. Նալբանդյանը ներկայացրին կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրման նպատակով իրենց կազմած ուսումնական պլանների, առարկայական նկարագրիչների աշխատանքային տարբերակները: Վերջիններիս մշակման ժամանակ հեղինակներն առաջնորդվել էին եվրոպական գործընկեր համալսարաններում անցկացված վերապատրաստումների ուսումնական նյութերով:

Աշխատաժողովն ընթացավ ներկայացված աշխատանքների քննարկմամբ, հարցուպատասխանով: Մասնակիցների կողմից կատարվեցին բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկություններ, որոնք բանախոսները հաշվի կառնեն աշխատանքային տարբերակների վերանայման ու լրամշակման ժամանակ: