ՇՊՀ-ում էր շվեդահայ արխիվագետ Անահիտ Զաքինյանը

Այսօր Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք շվեդահայ արխիվագետ Անահիտ Զաքինյանին։ Նա աշխատել է Ուպսալայի քաղաքային արխիվում, համալսարանում, իսկ այժմ գործունեություն է ծավալում Աշխատանքային շուկայի ու կրթական քաղաքականության գնահատման ինստիտուտում։

Ա․ Զաքինյանը Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համար անցկացրեց «Արխիվը, արխիվագիտությունն ու արխիվագետը» թեմայով սեմինար, որի ընթացքում ներկայացրեց արխիվագիտության հիմնական սկզբունքները՝ խոսելով արխիվների նշանակության մասին։ Նա կատարեց պատմական ակնարկ՝ անդրադառնալով հին աշխարհի և միջնադարյան արխիվներին, ներկայացրեց արխիվագիտության վերաբերյալ տպագրված առաջին գիրքը, ինչպես նաև խոսեց արխիվագետի մասնագիտական էթիկայի կարևորագույն նորմերի մասին։

Բանախոսը նաև անդրադարձավ փաստաթղթերի պահպանման ժամանակակից մեթոդներին և արխիվային ոլորտի արդի մարտահրավերներին։ Հանդիպման ավարտին Անահիտ Զաքինյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։