ՇՊՀ-ում անցկացվեց Էրազմուս+ WBL4JOB ծրագրի հերթական մոնիթորինգը

Մայիսի 18-ին ՇՊՀ-ում անցկացված Էրազմուս+ WBL4JOB ծրագրի մշտադիտարկման աշխատանքներին մասնակցում էին Պորտուգալիայից ժամանած արտաքին գնահատող մասնագետը, ծրագրի համակարգողը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ծրագրի ՇՊՀ աշխատակազմը, ինչպես նաև ծրագրի մասնակից ամբիոնի դասախոսները և ուսանողները։

WBL4JOB ծրագրի նպատակն է մշակել և ներդնել աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) կրթության մոդելը։ Նշենք, որ ծրագրին բացի համակարգող Ֆրանսիական համալսարանից Հայաստանի բուհերից մասնակցում է միայն ՇՊՀ-ն։ Ծրագրի շրջանակներում բուհը համագործակցում է Ակբա բանկի, Ինեկոբանկի և Այդի բանկի Գյումրու մասնաճյուղերի հետ, որտեղ էլ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն անցկացրեցին իրենց ԱՀՈՒ-ն։

Ըստ էության, այս ծրագիրը բուհ-գործատու համագործակցության ուշագրավ և արդյունավետ ձևաչափ է, քանի որ դրա շրջանակներում գործընկեր բանկերը, որպես գործատուներ, մասնակցեցին վերոնշյալ մասնագիտության ուսումնական ծրագրի լրամշակման աշխատանքներին, իսկ ԱՀՈՒ-ի ավարտին արդեն ՇՊՀ ուսանողներից երկուսին ընդունեցին աշխատանքի և մյուսների հետ էլ քննարկեցին առաջիկայում աշխատանքի ընդունելու հարցերը:

Հանդիպման սկզբում արտաքին գնահատող Ալեքսանդրա Կոստան և ծրագրի համակարգող Գոհար Ղալաչյանը հանդիպեցին ՇՊՀ ռեկտոր ԵՍերոբյանի և Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն Ավետիսյանի հետ և քննարկեցին ծրագրին առնչվող ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Մշտադիտարկման աշխատանքների երկրորդ մասում հյուրերն աշխատանքային հանդիպում ունեցան ծրագրի ՇՊՀ աշխատակազմի, ծրագրին մասնակցած դասախոսների և ուսանողների հետ։ Վերջիններս առանձնահատուկ կերպով նշեցին, որ այս ծրագիրը լավ հնարավորություն եղավ ինչպես բուհում ստացած իրենց տեսական գիտելիքները շուրջ չորս ամիս գործընկեր բանկերում կիրառելուհամար, այնպես էլ անձնական և մասնագիտական ոլորտներում նոր հմտություններ ու կարողություններ զարգացնելու առումով:

Ծրագրի աշխատանքները շարունակվելու են մինչև 2024թ, որի ընթացքում նախատեսվում է լրամշակել ԱՀՈՒ ուղեցույցը՝ մասնակից դասախոսների և ուսանողների առաջարկությունների ու դիտարկումների հիման վրա, որպեսզի սեպտեմբերից ԱՀՈՒ համակարգով իրականացվող աշխատանքներում ներգրավվեն համապատասխան մասնագիտությամբ ավարտական կուրսում սովորող նոր ուսանողներ։