ՇՊՀ-ի ղեկավարության հետ հանդիպում ունեցավ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի աշխատանքային խումբը

2022 թ. ապրիլից մեկնարկել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» (ՓՀՀ) կազմակերպության գլխավորած կոնսորցիումը՝ համագործակցելով «Մարդկային զարգացման հիմնադրամի», «Սիվիտաս Հայաստանի», Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ։

Ծրագիրը կաջակցի Հայաստանի 7 բուհերում «Քաղաքացիական կրթության կենտրոնի»  (ՔԿԿ) մոդելի ներդրմանը, որի նպատակն է՝ խթանել երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացումը, քաղաքացիական մասնակցությունը և հավաքական գործունեությունը՝ նրանց առաջարկելով տարաբնույթ կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, ինչպես նաև վերոնշյալ նպատակին օժանդակող հանրամատչելի գրականություն, տեղեկատվական և տեխնոլոգիական միջոցներ։

Ծրագրի գործընկեր բուհերից մեկը Շիրակի պետական համալսարանն է, ինչով էլ պայմանավորված էր նոյեմբերի 4-ին վերոնշյալ ծրագրի աշխատակազմի այցը ՇՊՀ: Հյուրերի կազմում էին՝«Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, նույն կազմակերպության աշխատակիցներ Արմեն Բեժանյանը (քաղաքացիական ներգրավման բաղադրիչի ղեկավար) և Ալեքսանդր Շագաֆյանը (ֆորմալ կրթության բաղադրիչի ղեկավար):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագծի մոդելին առնչվող հարցեր և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը նշեց, որ ներգրավված ակտիվ քաղաքացիների կրթության հարցերն, ըստ էության, Շիրակի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթությունների և հանրային պատասխանատվության շրջանակներում են: Իսկ վերոնշյալ կենտրոնի հիմնումը սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ մի նոր ձևաչափով կխթանի այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը, ուստի ՇՊՀ-ն սիրով ու պատրաստակամությամբ կմասնակցի ծրագրի աշխատանքներին:

Քննարկմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետի խորհրդական Ա. Նաջարյանը, ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Ն. Ավետիսյանը, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գ. Նիկողոսյանը, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում և ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորություններին։