«Հայտնի ու անհայտ Գուրգեն Մահարին» խորագրով միջոցառում

Փետրվարի 14-ին Շիրակի պետական համալսարանի գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հայ մեծ գրող Գուրգեն Մահարու ծննդյան 120-ամյակին նվիրված գրական ցերեկույթ՝ «Հայտնի ու անհայտ Գուրգեն Մահարին» խորագրով։
Միջոցառման սկզբում ՇՊՀ-ի գրադարանի վարիչ Գայանե Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը։ Ինչպես նշում է Գ․ Ավետիսյանը Մահարու ստեղծագործություններում մշտապես առկա են քնարական տաք շունչը, անմիջական ու անկեղծ բռնկուն տարերքը, կյանքի բերկրանքն ու նույն կյանքի ողբերգությունը։ Նրա խոսքով միջոցառման նպատակը անկրկրնելի ու ինքնատիպ ոճի տեր գրողի պոեզիան և արձակը Մահարիասեր ուսանողներին ներկայացնելն էր։
Գրական ցերեկույթի ընթացքում ուսանողների կողմից ընթերցվեցին հատվածներ Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակից և այլ ստեղծագործություններից, ցուցադրվեց ֆիլմ Մահարու կյանքի և ստեղծագործական ուղու մասին։
Հանդիպումն ամփոփեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը։ Նա ուսանողներին ներկայացրեց արևելահայ գրականության մեջ լավագույններից մեկը համարվող, սակայն դաժան ճակատագրի արժանացած և հրապարակայնորեն խարույկ բարձրացված «Այրվող այգեստաններ» վեպը։