ՇՊՀ-ում կայացավ տեղեկատվական–իրազեկման հանդիպում՝ նվիրված գրագողության դեմ պայքարի և ակադեմիական ազնվության ապահովմանը

Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնների, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, վերջինիս և համալսարանի միջև կնքված հուշագրի շրջանակներում, 08.12.2023թ. նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին գրագողության դեմ պայքարի և ակադեմիական ազնվության ապահովման համար համալսարանում առկա մեխանիզմներն ու հնարավորությունները ներկայացնելը։ Բանախոսն էր «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ, համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանը։

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Ավետիսյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը  և ընդգծեց ակադեմիական միջավայրում նմանատիպ թեմաների պարբերաբար արծարծման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Վահե Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ է հեղինակային իրավունքը, ակադեմիական ազնվությունը և մատնանշեց նրա խախտման դրսևորումներից մի քանիսը՝ առանձնացնելով հատկապես գրագողությունը: Ներկայացվեցին գրագողության հիմնական տեսակները և դրանցից խուսափելու մի քանի միջոցներ: Նշվեց, որ հեղինակային իրավունքի խախտումը համարվում է քրեորեն պատժելի արարք, քննարկվող հարցերի շուրջ ներկայացվեցին օրենսդրական կարգավորման որոշ առանձնահատկություններ:

Հանդիպման վերջում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց ակադեմիական ազնվության պահպանման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմները, իրավական ակտերը և գրագողության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։