«Պորտասարը՝ քաղաքակրթական բանալի» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Պորտասարը՝ քաղաքակրթական բանալի» թեմայով գիտական սեմինար։
 Բանախոսը՝ Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանը, նշեց, որ Պորտասարի հնավայրի մասին առաջին տեղեկությունները ստացվել են դեռևս 1960-ական թվականներին, սակայն իրական ուսումնասիրություններն սկսվել են միայն 1995 թվականից, երբ Կլաուս Շմիդտի կողմից հայտնաբերվել է հնավայրի երրորդ շերտը: Վերջինս ունի 10-30 մետր տրամագիծ և թվագրվում է մ.թ.ա. 9600–8800 թթ․։ Հնավայրը գտնվում է ժամանակակից Ուրֆա (պատմական Ուռհա, Եդեսիա) քաղաքի մոտակայքում։
 Արաքս Մարգարյանը ներկայացրեց նաև Պորտասարի նշանակության վերաբերյալ գոյություն ունեցող վարկածները, զուգահեռներ անցկացրեց հնագույն հայկական մշակութային կոթողների հետ և պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։