ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպումներ ունեցավ ռազմական ամբիոնի և քոլեջի աշխատակազմերի հետ

Շիրակի պետական համալսարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու նպատակով ռեկտոր Ե․ Սերոբյանն անցկացնում է խորհրդակցությունների շարք, որի շրջանակներում տեղի ունեցավ ռազմական ամբիոնի և քոլեջի աշխատակազմերի հետ հանդիպումները։ Ռեկտորը, կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի կարծիքն ու դիրքորոշումը, նրանց դիտարկումները և առաջարկությունները լսելը համարում է անհրաժեշտություն, ինչը կնպաստի բուհի կառուցվածքային փոփոխությունների առավել ընդունելի նախագծային տարբերակի կազմմանը։

Հանդիպումների սկզբում Ե․ Սերոբյանը ներկայացրեց այն հիմքերն ու սկզբունքները, որոնցով առաջնորդվել է հանձնաժողովը կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը կազմելիս: Մասնավորապես՝ առաջնային են համարվել հավատարմագրման և փորձագիտական հանձնաժողովների կողմից կատարված դիտարկումներն ու առաջարկությունները, արտաքին փորձագետների կողմից ներկայացված մասնագիտական կարծիքները, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված 2023-2027թթ․ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, ինչպես նաև բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներից նախապես ստացված առաջարկությունները։

Քննարկումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ռեկտորն անդրադարձավ նաև ՀՀ Կառավարության կողմից մշակված որոշման նախագծին, համաձայն որի 2023-2024 ուսումնական տարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների գծով ընդունվող առկա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար պետական կրթաթոշակի չափն  առաջին կուրսում  կկազմի 70000 ՀՀ դրամ։ Այս առնչությամբ Ե. Սերոբյանն առանձնակի կարևորեց այն փաստը, որ ՇՊՀ-ում թողարկվող մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում։

Հանդիպումների ավարտին ռեկտորը շրջեց մասնաշենքերում, ծանոթացավ առկա խնդիրներին, առաջարկեց համապատասխան լուծումներ։