ՇՊՀ-ում ներկայացվեց «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագիրը

Ապրիլի 30-ին Շիրակի պետական համալսարանում էին «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպության անդամները։

Համալսարանի Կենսաբանություն մասնագիտության բակալավրի ու մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հյուրերը ներկայացրին «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել կյանքի մասին գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, ներգրավել երիտասարդ կենսաբաններին գերազանցության հետազոտություններում և նորարարական ծրագրերում։

«Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Աղայանը կարևորեց կենսաբանության ոլորտում հաջողված ծրագրերի ու պատմությունների ներկայացումը, միջազգային պահանջներին համապատասխանող լաբորատորիաների առկայությունը՝ ոգևորելու ուսանողներին, որ նրանք զբաղվեն գիտական աշխատանքով, մասնակցեն նորարարական նախաձեռնությունների։

Ծրագրում ներգրավված ուղղություններից էին 3D տպագրության կիրառությունը կենսաբանության մեջ, որի մասին խոսեց իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ընկերության որակի պատասխանատու Սարգիս Բեգիյանը, ՀՀ կենսաբազմազանության մասին ուսումնասիրություններն ու դրանց էկոլոգիական նշանակությունն էլ ներկայացրեց ԵՊՀ-ի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը։

Խոսելով ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին՝ բանախոսները ներկայացրին նաև ծրագրին մասնակցության պայմաններն ու ժամկետները, պատասխանեցին ուսանողների հարցերին։