ՇՊՀ-ում կայացավ «Օլիմպիական խմբակներ» և «Կիրակնօրյա դպրոց» ծրագրերի տեղեկատվական հանդիպումը

Շիրակի պետական համալսարանում անցկացվեց  տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում աշակերտներին և նրանց ծնողներին ներկայացվեցին համալսարանի երկու նոր՝ «Օլիմպիական խմբակներ» և «Կիրակնօրյա դպրոց» կրթական ծրագրերը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա ընդգծեց դպրոցահասակ սերնդի շրջանում բնագիտամաթեմատիկական ուղղությունների նկատմամբ հետաքրքրության խթանման կարևորությունը, նշեց, որ, պայմանավորված ստանձնած սոցիալական հանձնառությամբ, ՇՊՀ-ն պատրաստակամ է իր լավագույն կրթական ռեսուրսներն ու մասնագիտական ներուժն ուղղել աշակերտների գիտելիքների խորացմանը, վերլուծական մտածողության կարողությունների զարգացմանը։

Տեղեկատվական հանդիպման հաջորդ բանախոսը՝ Վարդան Մանուկյանը, մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ծրագրերի նպատակները, ուսուցման ձևաչափը և այն հնարավորությունները, որոնք նախատեսված են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում խորացված գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու համար։

Ծրագրերի կրթական գործընթացը վստահված է ոլորտի առաջատար մասնագետներին. դասավանդելու են տարիների հարուստ գիտամանկավարժական փորձ, օլիմպիական շարժման զարգացման մեծ ավանդ և բարձր հեղինակություն ունեցող գիտնականներ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ Գագիկ Նիկողոսյանն ու Վարդան Մանուկյանը: