ՇՊՀ-ում անցկացվեց Էրազմուս+ T4GREEN ծրագրի արդյունքների տարածման աշխատաժողովը

Ավարտին է մոտենում ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագիրը, որի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների՝ աջակցելով կանաչ ու թվային տեխնոլոգիաների ներդրմանը:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում ՇՊՀ-ում մշակվեցին համապատասխան դասընթացներ ու առանձին թեմաներ, որոնք ներդրվեցին «Հատուկ մանկավարժություն», «Աշխարհագրություն» մասնագիտությունների մագիստրոսական և «Անգլերեն և գրականություն» բակալավրի ծրագրերում: Այնուհետ անցկացվեց դրանց փորձարկումը (պիլոտինգը) և կատարվեցին համապատասխան վերանայումներ ու լրամշակումներ՝ հաշվի առնելով ուսանողների, դասախոսների ու Եվրոմիության գործընկերների դիտարկումները և առաջարկությունները:

Հոկտեմբերի 20-ին անցկացված աշխատաժողովի ժամանակ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու դրանց վերջնարդյունքները ներկայացվեցին արտաքին ու ներքին շահառուներին՝ ուսանողների, դասախոսների և Շիրակի մարզի դպրոցների ուսուցիչների ներկայացուցիչներին: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները նշեցին, որ ծրագրի նպատակն ու ստացված վերջնարդյունքները խիստ արդիական են: Նրանք կատարեցին ուշագրավ դիտարկումներ և առաջարկություններ, ներկայացրին հարցեր, որոնց սպառիչ պատասխան տրվեց ՇՊՀ-ի՝ ծրագրի աշխատանքային խմբի կողմից: