ՇՊՀ-ի աշխատանքային խումբն այցելել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ

Ապրիլի 23-ին Գյումրիում Ռուսական տան հետ համագործակցության շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային խումբն այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ։

ՇՊՀ-ի աշխատանքային խմբի կազմում էին ռեկտորի պաշտոնակատար Ե․ Սերոբյանը, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն- պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանը, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը, արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ Օֆ․ Կուրազյանը, ամբիոնի դոցենտ Ա․ Մարգարյանը և Դեկորատիվ կիրառական արվեստ բաժնի ուսանողները։

Նախատեսելով համագործակցել կրթական ու գիտահետազոտական ոլորտներում՝ ՇՊՀ-ն՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե․ Սերոբյանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի հուշագիր են կնքել։ Հուշագրով նախորոշված է իրականացնել ոչ միայն ակադեմիական շարժունության ծրագրեր, այլև կազմակերպել համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ։

Ինչպես և նախատեսված էր, համալսարանականները մասնակցեցին «Ռուսական նկարչության անտալոգիան» խորագրով նախագծի շրջանակում Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությանը։ Երկու համալսարանների ուսանողները միմյանց հետ կապեր հաստատեցին, շրջեցին համալսարանում, ծանոթացան գրադարանի հարուստ էլեկտրոնային պաշարներին։

Ցուցահանդեսի ընթացքում բուհերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին փորձի փոխանակման նպատակով համատեղ պլեներներ կազմակերպել՝ արվեստի ամբիոնների ուսանողների մասնակցությամբ։

Գյումրու ռուսական տան Տավուշի մարզի համակարգող կենտրոնի կազմակերպած գեղարվեստա-կրթական ծրագրի շրջանակում ՇՊՀ-ի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը «XIX դարի II կեսի ռուսական արվեստը» թեմայով դասախոսություն կարդաց ուսանողների համար։

Միջոցառումների ավարտին ուսանողներն ու դասախոսները այցելեցին նաև Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, ծանոթացան քաղաքի պատմությանն ու հարուստ ժառանգությանը։ Համալսարանականները Իջևանում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Երկու բուհերի ղեկավարները հույս են հայտնել առաջիկայում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնել՝ փոխայցելություններով ու գիտակրթական համատեղ ծրագրեր նախաձեռնելով։