Կարողությունների զարգացման վերապատրաստում Ֆրանսիայում

Էրազմուս+ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրումը Հայաստանի և Մոլոդովայի բարձրագույն կրթության համակարգում» (WBL4JOB) ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմը մասնակցել է 2022թ․ մարտի 27-ից ապրիլի 1-ը Ֆրանսիայի Ստրասբուրգի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարաններում կազմակերպված աշխատաժողովներին։

Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և դուալ բարձրագույն կրթության ֆրանսիական փորձը:

Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի և Մոլդովայի կրթության նախարարությունների, ՇՊՀ, Հայաստանի բանկերի միության, Հայաստանում ֆրանսիական  համալսարանի, Մոլդովայի առևտրային համալսարանի, Բալթիի Ալեսու Ռուսոյի անվան համալսարանի, Մոլդինկոմբանկի ներկայացուցիչները։

Աշխատաժողովի առաջին երկու օրն անցկացվել է Ստրասբուրգի համալսարանում, որտեղ մասնակիցներին ներկայացվել է ինչպես Ստրասբուրգի համալսարանի, այնպես էլ աշխատաշուկայի ներկայացուցիչների փորձը։

Ծրագրի համակարգող Արայիկ Նավոյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, այնուհետև Ստրասբուրգի համալսարանի և բանկերի մասնակիցները ներկայացրեցին դուալ կրթության կազմակերպումը և իրականացումը համալսարանում և աշխատավայրում։

Լիոն 3 համալսարանում մասնակիցներին ներկայացվեցին դուալ կրթության կազմակերպման օրենսդրական դաշտը, դրան աջակցող կազմակերպությունների գործառույթները։

Իրականացվեցին խմբային աշխատանքներ հայաստանյան և մոլդովական բուհերի աշխատանքային թիմերի մասնակցությամբ «Բարձրագույն դուալ կրթության ուղեցույցի»  և  «2024-2030թթ.  բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման հայեցակարգի և աշխատանքային քարտեզի» վեջնական տարբերակը կազմելու ուղղությամբ։ Խմբային աշխատանքներին ՇՊՀ-ից մասնակցում էին՝ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ԺՊ Լևոն Մարտիրոսյանը, Գործարարության և վարչարաության ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Մկրտչյանը, նույն ամբիոնի դասախոս Անի Սահակյանը, Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը, դրամաշնորհային ծրագրերի համակարգող Հասմիկ Բերդիկյանը: Հայաստանյան աշխատանքային խմբի նիստը նախագահում էր Նազելի Ավետիսյանը:

Վերապատրաստման վերջին օրը տեղի ունեցավ խմբային աշխատանքների ամփոփում և արդյունքների ներկայացում, որտեղ Անի Սահակյանը ներկայացրեց «Բարձրագույն դուալ կրթության ուղեցույցի»  ՇՊՀ տարբերակում կատարված փոփոխությունները: Աշխատանքների ավարտին քննարկվեցին և հաստատվեցին ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները՝ Ուղեցույցի վերջնական տարբերակի հաստատման և Հայեցկարգը  հանրային քննարկման ներկայացնելու ուղղությամբ: