ՇՊՀ-ում անցկացվեց «Ինչ է պետք իմանալ՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով դասընթաց

ՇՊՀ-ի ուսանողներն այսօր մասնակցեցին «Ինչ է պետք իմանալ՝ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով դասընթացին։

«Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակներում դասընթացը կազմակերպել էր Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը՝ ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի աջակցությամբ։

Հայաստանում գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, իրավաբան Շուշանա Սիրականյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արաքսյա Բագդատյանը ուսանողներին ներկայացրեցին աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կամավորության, պրակտիկայի, փորձաշրջանի ընթացքում վարձատրության, աշխատանքային ռեժիմի և հանգստի առանձնահատկությունները, աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերի տարբերությունները, խոսեցին աշխատանքային վեճերի ու դրանց կարգավորումների մասին։

Աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ և արդեն աշխատող ուսանողներն իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ կարևոր գիտելիքներ ստացան, հանդիպումն էլ ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով։