Բարելավել անգլերենի իմացությունը COIL-ի միջոցով. Համագործակցություն ԴՏՀ-ի և ՇՊՀ-ի միջև

07/11/2024

SMARTI նախագիծը նպատակ ունի զարգացնել անգլերենի կիրառումը Հայաստանում, մասնավորապես այնպիսի ակադեմիական ծրագրերում, ինչպիսիք են բնական գիտությունները, մաթեմատիկան, ճարտարագիտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ոլորտները, որտեղ դասավանդումը հիմնականում անգլերենով չի իրականացվում, առանցքային նշանակություն ունեն բարձրագույն կրթության ծրագրերի միջազգայնացման համար: Դրեզդենի տեխնիկական համալսարանի (ԴՏՀ) և Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) համագործակցությունը SMARTI ծրագրի շրջանակներում նպաստել է COIL-ի (համագործակցային առցանց միջազգային ուսուցում) կազմակերպման և իրականացման աշխատանքներին, համապատասխան թեմաների քննարկումներին՝ և հարց ու պատասխան ձևաչափով հետագա նիստերին՝ խթանելով միջմշակութային ուսուցումն ու բարձրացնելով ուսանողների անգլերենի իմացության մակարդակը:
COIL-ի հանդիպումների ընթացքում քննարկվել են այնպիսի արդիական և ուշագրավ թեմաներ, ինչպիսիք են՝ «Հայաստանի Հանրապետութուն. երկիր ու մշակույթ», «Մատչելիությունը հասարակության մեջ (կենտրոնացումը առօրյա կյանքի առկա մարտահրավերների վրա և ինչպես դրան կարող են աջակցել ՏՏ-ն, ճարտարապետության և լեզվի յուրացումը)», «Բիզնես և շուկայավարման պլան կազմելու հիմնական հմտություններ և խորհուրդներ»:
Առաջին հանդիպման ընթացքում «Հայաստանի Հանրապետութուն. երկիր ու մշակույթ» թեմայով, խոսվեց Հայաստանի տարբեր վիճակագրական տվյալների մասին, ինչպիսիք են օրինակ բնակչությունը, տարածքը, ազատ խոսքի իրավունքը, շուկայավարությունը Հայաստանում և այլն։ Այս ամենը հիմնականում ներկայացվեց ինֆոգրաֆիկայի տեսքով։ Հայ ուսանողներն իրենց կարծիքն արտահայտեցին տեղեկատվության հավաստի լինելու վերաբերյալ և պարզվեց, որ համացանցում տվյալները Հայաստանի վերաբերյալ դժվար հասանելի են և նույնիսկ որոշ տեղերում` թյուր։ Սակայն գովելի համարվեց գերմանացի ուսանողների կողմից նման հետազոտության անցկացումը Հայաստանի վերաբերյալ։
Երկրորդ հանդիպումը ոչ պակաս կարևոր թեմայի էր առնչվում․ «Մատչելիությունը հասարակության մեջ (կենտրոնացումը առօրյա կյանքի առկա մարտահրավերների վրա և ինչպես կարող են դրան աջակցել ՏՏ-ն, ճարտարապետության և լեզվի յուրացումը)»։ Այս հանդիպման ընթացքում գերմանացի ուսանողները ներկայացրեցին Գերմանիայում ոչ մայրենի լեզվով խոսողների` ուսումնական պրոցեսի ընթացքում առաջացող մարտահրավերների և առաջարկվող լուծումների մասին: Այնուհետև անդրադարձ կատարվեց հանրային տարածքների մատչելիության հարցին՝ շեշտադրելով ներառական դիզայնի սկզբունքները տարբեր ոլորտներում։ Ռայխստագի շենքը ներկայացվեց որպես հաջողված մատչելի ճարտարապետության օրինակ: Հանդպումն ամփոփվեց թվային փաստաթղթերի մատչելիությունը բարելավելու ռազմավարությունները ներկայացնելով: Ընդհանուր առմամբ, շեշտ դրվեց ներառական պրակտիկաների, հարմարվողականության և շարունակական բարելավման կարևորությունը թե՛ ֆիզիկական, թե՛ թվային միջավայրերում՝ խթանելու հավասար հասանելիությունն ու մասնակցությունը բոլոր անհատների համար՝ անկախ նրանց կարողություններից կամ ծագումից:
Հանդիպման ընթացքում նաև ուսանողները զրուցեցին Մերի Աբգարյանի հետ, ով ժամանակին Երևանում է ուսանել, իսկ այժմ մագիստրոսական կրթություն է ստանում Դրեզդենի համլսարանում։ Հայ ուսանողները հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին Գերմանիայում սովորելու առավելությունների և բարդությունների մասին, ինչպես նաև Մերիի կողմից ներկայացվեցին Գերմանիայում կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։
Հաջորդող հանդիպումներից մեկն էր «Բիզնես և շուկայավարման պլան կազմելու հիմնական հմտություններ և խորհուրդներ»-ը։ Այս թեման հատկապես արդիական է այսօրվա մրցակցային բիզնեսի դաշտում, որտեղ լավ մշակված պլանը կարող է լինել հաջողության գրավականը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին զինել անհրաժեշտ հմտություններով` զարգացնելու համապարփակ և արդյունավետ բիզնես և մարքեթինգային ռազմավարություններ:
Երկու խումբ ներկայացրեցին այս թեմայով սահիկաշարեր և խոսեցին մի շարք կարևոր հարցերի մասին: Նրանք նշեցին, թե ինչպես ստեղծել բիզնես պլան, հայթայթել ֆինանսավորման աղբյուր, ներկայացրին ֆինանսավորման առկա հնարավորությունների տեսակները: Բացի այդ, մեջբերվեցին մի շարք իրական օրինակներ, և հենց դրանց միջոցով խոսվեց մի շարք ռազմավարական պլանների մասին:
Սահիկաշարը ներկայացնելուց հետո խմբերը պատասխանեցին թեմայի հետ կապված հարցերի, որոնք տալիս էին առցանց հանդիպման մասնակիցները: Հարց ու պատասխանի հիմնական նպատակն է պարզել, թե ինչքանով են խոսնակները տեղակացված ներկայացվող թեմայից:
Գնահատման ժամանակ մասնակիցները բարձրաձայնում էին իրենց կարծիքով ներկայացման դրական և բացասական կողմերը, որից հետո դասախոսը համակարագելով արդեն հնչեցված կարծիքները, վերջնական ամփոփումն է կատարում՝ մատնանշելով առավելությունները և թերությունները, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում աշխատանքը բարելավելու համար:
Առաջին խմբի համար ընդգծված դրական կողմերը ներառում էին սահուն արտասանություն և լավ կառուցված ներկայացում: Այնուամենայնիվ, առաջարկվեցին հաշվի առնել մի շարք թերություններ, ինչպես օրինակ՝ ներկայացման մեջ ներառել ոչ միայն Դրեզդենին վերաբերող օրինակներ, այլ նաև միջազգային օրինակներ: Սա թույլ կտա մյուս մասնակիցներին ավելի ակտիվ ներգրավվել քննարկմանը: Բացի այդ, դասախոսը նշեց նաև որոշ արտասանական վրիպակների մասին։
Երկրորդ խմբի դրական կողմերից էր թեմային առնչվող ներկայացումը՝ հարուստ իրական օրինակներով, որոնք ցուցադրվեցին արդյունավետ կերպով: Այնուամենայնիվ, այստեղ նույնպես մասնակիցների կողմից մատնանշվեցին որոշակի բարելավման առաջարկություններ, որոնք վերաբերում էին տեխնիկական խնդիրներին և ներկայացման դիզայնի անհամապատասխանությանը։ Կային նաև արտասանական վրիպակներ, և առաջարկվեց մյուս անգամ ներկայացումը ավելի ներառական դարձնել:

SMARTI ծրագրի շրջանակներում Դրեզդենի տեխնիկական համալսարանի (TUD) և Շիրակի պետական համալսարանի (SUSհ) միջև COIL-ի հանդիպումներն ապացուցել են, որ դրանք չափազանց շահավետ են ինչպես խոսնակների, այնպես էլ մասնակիցների համար: Խոսնակների համար այս հանդիպումները արժեքավոր հնարավորություն են ընձեռում կատարելագործելու իրենց ներկայացման, հաղորդակցման և անգլերենի հմտությունները, կառուցողական արձագանքներ ստանալու և միջազգային հեռանկարների վերաբերյալ պատկերացումներ ձեռք բերելու համար: Մասնակիցների կողմից տրամադրված արձագանքներն օգնում են խոսնակներին բարելավել իրենց ներկայացումները՝ խթանելով շարունակական բարեփոխման և կատարելագործման մշակույթը:
Մասնակիցների և գնահատողների համար COIL-ի հանդիպումներին մասնակցելը ուժեղացնում է նրանց քննադատական մտածողության հմտությունները և թույլ է տալիս կառուցողական գնահատական տալ: Տարբեր թեմաների վերաբերյալ ներկայացումներին ներկա լինելը ընդլայնում է նրանց մտահորիզոնը և խրախուսում նրանց բարելավել իրենց գիտելիքները տվյալ ոլորտում:
Քանի որ այս հանդիպումները շարունակվում են, դրանք, անկասկած, կարևոր դեր կխաղան միջմշակութային հաղորդակցման, անգլերենի իմացության բարելավման և ուսանողների ու հաստատությունների միջև համագործակցության խթանման գործում: