ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2018

Դեկտեմբերի 3-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ընդունվում են հայտեր Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի  մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը/ Բելգիա, Շվեյցարիա/: Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև 10000/ տասը հազար / ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, լավագույն ստեղծագործություններ/գյուտեր/ և աշխատանքներ կատարած  հեղինակներին հետևյալ յոթ  բնագավառներում.

  • բնական գիտություններ
  • տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
  • ֆիզիկա
  • բժշկագիտություն
  • արվեստ/ այդ թվում՝ ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր/- 2 մրցանակ
  • գրականություն/ գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական/
  • հումանիտար գիտություններ

 

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

  • Մրցույթին «Բնական գիտություններ», «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բնագավառներում կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով, որ դրանք իրականացված լինեն հայտերի ներկայացման ժամկետին նախորդող երեք տարիների ընթացքում:
  • Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, նաև այնպիսի աշխատանքներ և մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
  • Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
  • Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
  • ՀՀ նախագահի մրցանակ ստացած անձը այլևս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը:

ՀՀ  նախագահի  մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http://www.himnadram.org/hy/2463

Գործերը ներկայացնելու  և մանրամասն տեղեկությունների  համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն՝ Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 /106/; 56-01-06; էլ-փոստ՝ aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:

www.himnadram.org