ՇՊՀ ՔՈԼԵՋԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇՊՀ քոլեջի (այսուհետ՝ Քոլեջ) տարեգրության առաջին էջը գրվել է 1924 թվականին, երբ Գյումրու Արղության օրիորդաց յոթնամյա  դպրոցի բազայի վրա հիմնադրվեց մանկավարժական տեխնիկումը: Աշխատանքներին մասնակցություն են ունեցել հեղկոմի նախագահ Ս.Կասյանը, Ա.Մռավյանը, լուսժողկոմ Ա.Հովհաննիսյանը, քաղաքի ժողկրթբաժվար Հ.Կարախանյանը: Անդրանիկ ուստարում ընդունվել են IV-V դասարանների կրթություն ունեցող 20-22-ամյա երիտասարդներ: Ավելի ուշ ընդունելությունը կատարվել է թերի միջնակարգ կրթության բազայի վրա: Սկզբում 60 սովորողներ էին և մեկ՝ «Դպրոցական» բաժին:

Առաջին տնօրենը եղել է Սարգիս Խաչատրյանը: Ունենալով հիմնական մասնագիտական կրթություն, կազմակերպչական լուրջ կարողություններ` վերջինս գերազանց է կատարել մանկավարժի և տնօրենի իր պարտականությունները: Հրապարակի վրա եղած ուսումնական ծրագրերը նա հմտորեն խմբագրել, ամբողջացրել, հոգացել է դասագրքեր, նյութական բազա ստեղծելու, հաստատությունը որակյալ մանկավարժներով համալրելու մասին:

Առաջին շրջանավարտները (50 մանկավարժներ) տեխնիկումն ավարտել են 1928-1929 ուստարում: 19–րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի  հայ լուսավորիչ-մանկավարժների ավանդույթները որդեգրած մի նոր սերունդ ճեմեց ուսանողական լսարաններում: Նշանավոր ժուռնալիստ-մանկավարժ Հովհաննես Տեր–Ստեփանյանը, Կարապետ Դուրգարյանը, մարդիկ, որոնք ուսումնառել էին արտասահմանում` Մոսկվայում, Լենինգրադում, գիտակ էին ու բազմահմուտ, սիրով ձեռնամուխ եղան իրենց հոգու գանձերը ուսման ծարավ պատանիների ու աղջիկների սեփականությունը դարձնելուն:

Ուսումնական հաստատությունը ճանապարհ ընկավ: Նրա շրջանավարտներից են եղել Հովհաննես Բաղդասարյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Հովհաննես Շիրազը, Լյուդվիգ Միքայելյանը, Աղավնին, Արշալույս Սարոյանը, Սենեքերիմ Սիմոնյանը, Վախթանգ Աբրահամյանը, Վաղինակ Ղալթանջյանը, Հակոբ Մսրյանը, Սոկրատ Վարդանյանը, Դուխիկ Շամցյանը,  Բաբկեն Մառանջյանը, Ա.Դավթյանը:

1930-1931 ուստարում տեխնիկումում սկսել է գործել նոր՝ «Նախադպրոցական»  բաժինը: Այդ գործում իր ավանդն է  ունեցել  Հովհաննես Տեր-Միրաքյանը:

1941-1942 ուստարում միացան հայկական և ռուսական մանկավարժական ուսումնարանները` դիրեկտոր Իլյա Միխտիլիդենի  ղեկավարությամբ: Ռուսական բաժինը մեծ ավանդ ներդրեց ռուսաց լեզվի դասատուներ պատրաստելու գործում մինչև 1959 թվականը: Այդ տարիների շրջանավարտներից են` Վ. Հայրապետյանը, բարձրագույն դպրոցի դասախոսներ Լյուդմիլա Սերովան, Մարիա Լևինցովան, Վալենտինա Գրիգորյանը, Վալենտինա Ռյազանցևան և ուրիշներ:

1957-1958թթ. ուսումնարանը ձեռք է բերել երաժշտական թեքում, պատրաստել երգ-երաժշտության մասնագետներ դպրոցների համար: Տարեցտարի ուսումնարանը համալրվել է նոր մասնագիտություններով` պատրաստելով գծագրության, աշխատանքի ուսուցման, տնարարության դասատուներ:

Քաղաքի հասարակական և մտավոր կյանքում նշանակալից դեմքեր են եղել ուսումնարանի դիրեկտորներ Սարգիս Խաչատրյանը, Վաղինակ Ստեփանյանը, Անդրանիկ Սավոյանը, Ալավերդի Ֆայրոյանը, Հովհաննես Դավթյանը, Աղունիկ Հարությունյանը, Ռաֆիկ Մելիքյանը, որոնք իրենց հարուստ գիտելիքների ու մանկավարժական փորձի ներդրմամբ իրացրել են դասավանդման նոր մակարդակ մինչև 1993 թվականը:

Ուսումնարանում գործել են «Դպրոցական», «Նախադպրոցական», «Բանասիրական», «Ռուսական»՝ միջնակարգ կրթության հիմքով, «Դպրոցական» և «Նախադպրոցական»՝ 8-ամյա կրթության հիմքով, ինչպես նաև՝ «Հեռակա» բաժիններ: Ուսումնարանի լավագույն ավանդույթներն արժանիորեն շարունակել են բազմավաստակ մանկավարժներ Զավեն Ալեքսանյանը, Գևորգ Հարությունյանը,  Վիկտորյա Խալաթյանը, Հրանուշ Կարապետյանը, Ջեմմա Եղշատյանը, Օլգա Պողոսյանը, Սվետլանա Քուշքյանը, Լյուդմիլա Հակոբյանը և ուրիշներ:

1988 թ. աղետալի երկրաշարժը դառն իրողության առջև կանգնեցրեց նաև երկարամյա պատմություն կերտած կրթօջախին:  Փլված ուսումնարանի շենք: Անվերադարձ կորուստներ: Հանրակացարանի շենքը տրամադրվեց ուսումնական նպատակով: Հոգու և կամքի արիությամբ կատարվեց վիթխարի աշխատանք։ Ձևավորվեցին լսարաններ, կահավորվեցին նոր լաբորատորիա-կաբինետներ: Ուսումնարանը քայլ առ քայլ վերականգնման ռիթմ էր ապրում, ստանում երկրորդ շնչառություն:

1993-2010թթ. մանկավարժական քոլեջը ղեկավարել է Ռաֆիկ Սաֆարյանը: Վերջինիս տնօրինած տարիներին հաստատությունը մեծ հանդիսավորությամբ նշել է իր 70-ամյա, ապա՝ 85-ամյա հոբելյանները։

Ակտիվ է եղել ուսանողական կյանքը։ Մասնակցելով քաղաքային և հանրապետական տարբեր հանդիսություններին, ուսանողական փառատոներին` Քոլեջը  մշտապես արժանացել է  բարձր գնահատականի:

2010-2012թթ. Քոլեջի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է  Աստղիկ Սաֆարյանը:

2011-2012 ուստարում մանկավարժական քոլեջը միավորվեց ԳՊՄԻ-ին` դառնալով բուհի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը` «Միջին մասնագիտական կրթության բաժին» անվանումով:

2009 թվականին Մասնագիտական կրթության ուսուցման ու զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից ներդրվեց մոդուլային ուսուցման համակարգը, որը մշակվել էր մասնագիտական կրթության միջազգային չափորոշիչներին համապատասխան` ապագա մասնագետին հնարավորինս կարողունակ ու մրցունակ դարձնելու նպատակով:

2012-2013 ուստարում միջին մասնագիտական բաժնի վարիչ նշանակվեց Կարինե Այվազյանը: Բաժնի վարիչի հմուտ և հեռահար ռազմավարության շնորհիվ 2013-2014 ուստարում միջին մասնագիտական բաժինը վերսկսեց իր ընդունելությունը հետևյալ կրթական ծրագրերով.

  • Թարգմանություն- արխիվավարություն
  • Թարգմանություն-մաքսավարություն
  • Թարգմանություն- գործավարություն
  • Շուկայաբանություն՝ ըստ ճյուղերի
  • Զբոսաշրջություն
  • Սոցիալական աշխատանք
  • Նախադպրոցական կրթություն:

Շնորհիվ վերոնշյալ մասնագիտությունների`միջին մասնագիտական բաժինը ծաղկման նոր փուլ մտավ:

2017-2018 ուստարում միջին մասնագիտական բաժինը ՇՊՀ-ի (նախկին ԳՊՄԻ) անմիջական աջակցությամբ նախկին` Վ. Սարգսյան հասցեում տեղակայված շինությունից տեղափոխվեց նոր` Շիրակացի 21/5 հասցեում գտնվող առավել բարեկարգ ու կրթության որակի բարձրացմանը նպաստող մասնաշենք: Երկհարկանի շենքում առկա են  մեկ լաբորատորիա, համակարգչային լսարան, մասնագիտական կաբինետներ ու լսարաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսումնական ծրագրերն իրականացնել բավարար մակարդակով:

2017 թվականից միջին մասնագիտական բաժինը վերակառուցվում է որպես ՇՊՀ քոլեջ:

Ընդունելով հարափոփոխ աշխատաշուկայի մարտահրավերները՝ Քոլեջը պարբերաբար վերանայում է իր մասնագիտությունների ցանկը։

2018-2019 ուստարում բացվեց ևս մեկ՝ «Գրադարանային գործ» մասնագիտությունը։

2019-2020 ուստարում տնօրեն է նշանակվում Աշոտ Դավինյանը։

Այժմ քոլեջում գործում են 5 մասնագիտություններ․

  • Նախադպրոցական կրթություն
  • Զբոսաշրջություն
  • Շուկայաբանություն
  • Սոցիալական աշխատանք
  • Գրադարանային գործ։

Քոլեջի մանկավարժական հանրույթը համալրված է կարողունակ մասնագետներով, որոնք առաջնորդվում են սովորողի ու սովորեցնողի սկզբունքով։ Առկա և հեռակա համակարգերում սովորող 261 ուսանողները Քոլեջի ապագա շրջանավարտներն են, որոնց համար ուսանողակենտրոն միջավայրում ստացած կրթությունը, բացի մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, նաև հաճույք ու բավարարվածություն ապահովող կարևոր միջոց է հանդիսանում։

Քոլեջը, հաշվի առնելով տարածաշրջանում իր համեստ, բայց լուրջ դերակատարումը, առաջ է քայլում` ապավինելով իր առաքելությանը, այն է` պատրաստել կարողունակ մասնագետներ արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: