ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՏԵՂԱԿԱԼՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով ՇՊՀ կանոնադրության 41-րդ կետի 2-րդ ենթակետով և ՇՊՀ ՀԽ-ի աշխատակարգի 2.2.2-րդ կետով՝ «Շիրակի ՄՆալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի կառավարիչռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Մրցույթի հավակնորդների փաստաթղթերի ընդունման վայրը` Հայաստան-3126, ք. Գյումրի, Պարույր Սևակի փ., 4 հասցեում, 2022 թվականի հունվարի 26-ից փետրվարի 2-ը ներառյալ բոլոր աշխատանքային օրերին` ժամը 14:00-ից մինչև 16:30

Մրցույթն անցկացվելու է Հայաստան-3126, ք. Գյումրի, Պարույր Սևակի փ., 4 հասցեում, 2022 թվականի փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) մեկ լուսանկար 3×4սմ չափսի,

գ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

դ) ինքնակենսագրական, որը պետք է պարունակի հավակնորդի ուսման, աշխատանքային, գիտակրթական գործունեության փորձի նկարագիրը,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,

զ) ակադեմիական և գիտական գործունեության առնվազն 5 տարվա ստաժը հավաստող փաստաթուղթ,

է) հավակնորդի գործունեության ծրագիրը, այն է «ՇՊՀ զարգացման հայեցակարգը»՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: ՇՊՀ զարգացման հայեցակարգը առաջարկվում է կազմել ՀՀ կառավարության 2015 թ. հունվարի 22-ի նիստի թիվ 2 արձանագրային որոշմամբ սահմանված՝ «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի» համապատասխան

Փաթեթը պետք է պարունակի նաև ծրագրի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային կրիչի վրա:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (յուրաքանչյուր էջի դարձերեսին ստորագրված) հանձնվում է ՇՊՀ ՀԽ քարտուղարին` առձեռն կամ ուղարկվում է փոստով: Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված, եթե ստացվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը: Փոստային առաքման դեպքում ՀԽ քարտուղարը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում ՀԽ քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք:

ՇՊՀ ռեկտորի հավակնորդը ներգրավվում է թեկնածուների ցանկում ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու և վերոհիշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում: Մրցույթից առնվազն 10 աշխատանքային օր առաջ ՇՊՀ պաշտոնական համացանցային կայքում (www.shsu.am) հրապարակվելու են թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականը (բացառությամբ անձնական տվյալների մի մասի) և ՇՊՀ զարգացման հայեցակարգը: Թեկնածուն մրցույթի ժամանակ իրավունք ունի մինչև 30 րոպե տևողությամբ ելույթ ունենալու և պատասխանելու ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ նիստում ներկա ՇՊՀ աշխատակիցների և ուսանողների հարցերին:

Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է փակ-գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստանում է խորհրդի ցուցակային կազմի ձայների կեսից ավելին: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդները իրավունք ունեն մինչև հայտերը ներկայացնելը այցելելու ՇՊՀ և դրա ստորաբաժանումներ (ավագ դպրոց, քոլեջ, Ռազմական ամբիոն), ծանոթանալու աշխատակիցներին, լսելու նրանց, ծանոթանալու ՇՊՀ տնտեսությանը և կառուցվածքային ստորաբաժանումներին: Այցերի համար հարկավոր է դիմել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից 16:00-ը: Հավակնորդները կարող են ստանալ և ծանոթանալ համալսարանին առնչվող, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ տնօրինվող և օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող փաստաթղթերին համացանցից (www.shsu.am) կամ առձեռն ստանալով պատճենները:

ՇՊՀ ռեկտորի աշխատավարձը սահմանված է 700.000 ՀՀ դրամ՝ եկամտահարկը և պարտադիր վճարները ներառյալ: Այն վճարվելու է համալսարանի բյուջեից:

Ուշադրություն. ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելը չի երաշխավորում այդ աշխատանքը:

Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Լուսինե Գևորգյանին՝ 093440730 հեռախոսահամարով:

ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝      Լ. ԲԱՐՍԵՂՅԱՆ