Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ի 1-ին կուրսի ասպիրանտ/հայցորդների հետ

Նոյեմբերի 29-ին Շիրակի պետական համալսարանի 1-ին կուրսի ասպիրանտ/հայցորդների հետ տեղեկատվական-իրազեկման հանդիպում անցկացրեց համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի գիտական քաղաքականության և նորարարության պատասխանատու Նելլի Սապսզյանը։

Հանդիպման ընթացքում ասպիրանտ/հայցորդներին ներկայացվեցին «ՇՊՀ-ում հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա/հայցորդության համակարգ) ընդունելության/ձևակերպման և ուսուցման» կանոնակարգի հետ կապված մի շարք մանրամասներ։

Մասնավորապես՝ կարևորվեցին ուսումնառության ընթացքում ասպիրանտի/հայցորդի պարտականությունները, ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների հաստատման, անհատական պլանների կազմման, պրակտիկայի կազմակերպման, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման, գիտական աշխատությունների (հոդվածների) տպագրման և տարեկան ատեստավորման հետ կապված հարցեր:

Համաձայն վերոնշյալ կանոնակարգի՝ Ն. Սապսզյանը ներկայացրեց նաև ուսման վարձի զեղչման չափանիշները, որոնց համաձայն ՇՊՀ-ն գերազանցության դիպլոմով ավարտած կամ բուհի գիտահետազոտական առաջնահերթությունների ուղղությամբ ուսումնառող ասպիրանտ/հայցորդների ուսման վարձի համար կիրառվում են համապատասխան զեղչեր:

Հանդիպմանը ներկա էր նաև Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը։