Մասնագիտական կողմնորոշման այցերը շարունակվում են

Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղեկատվական հանդիպումներ ունեցանք Գյումրու թիվ 18 և թիվ 27 միջնակարգ դպրոցներում։

Հանդիպումների ընթացքում ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մեսրոպ Ղալաչյանն աշակերտներին ներկայացրեց ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները՝ մասնավորապես այն, որ ՇՊՀ-ն առաջակում է որակյալ կրթություն հայաստանյան բուհերի համեմատ ամենամատչելի վարձավճարներով, որին զուգահեռ համալսարանում, բացի պետության կողմից սահմանված վարձավճարների զեղչերից, ուսանողների համար գործում են նաև ներբուհական զեղչեր (https://bitly.ws/33JQA ):

Ներկայացվեց նաև, որ ՇՊՀ-ն Հայաստանում միակ բուհն է, որն ունի մասնագիտացված Ռազմական ամբիոն, որտեղ դասավանդում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող սպայակազմ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ ՇՊՀ-ի ՆԶՊ մասնագիտությունն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժի որակավորում և սպայական կոչում։

ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն էլ ապագա դիմորդներին ներկայացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական ու լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները, ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը։