ՇՊՀ-ի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին արժանացել է GTTP միջազգային հավաստագրի
Լիլիթ Հովհաննիսյանն աշխատում է ՇՊՀ-ի դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի։ Նա 2016-2020թթ․ ուսանել է ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում «Աշխարհագրություն» մասնագիտությամբ։
Չնայած երիտասարդ հասակին` Լիլիթ Հովհաննիսյանն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ աստղագիտական միջազգային վերապատրաստումների և ստանալ մի շարք որակավորումներ: Օրերս էլ արժանացել է GTTP (Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագիր) միջազգային հավաստագրի։ Նրա ղեկավարությամբ ՇՊՀ-ի ավագ դպրոցի աշակերտներից ձևավորված խումբը, մասնակցելով Ամերիկահայ ճարտարագետների ասոցիացիայի կողմից կազմակերպված օլիմպիադային, զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։
Ակադեմիական գիտելիքներ ստանալուց զատ՝ Լիլիթ Հովհաննիսյանն իրականացրել է նաև իր անձնական հետազոտական աշխատանքը՝ Գյումրի քաղաքի տարածքում իրականացրել է երկնաքարերի որոնում, որի արդյունքները տպագրվել են «Latitude to Explore» գրքում։
Լիլիթը ոչ միայն աստղագիտության ոլորտում է ստացել միջազգային վերապատրաստումներ, այլ նաև ստացել է սերտիֆիկատ որպես STEAM կրթական ասիստենտ և Lego կրթական համակարգի մարզիչ:
Շնորհավորում ենք Լիլիթին իր բոլոր ձեռքբերումների համար և մաղթում մասնագիտական նորանոր բարձունքներ։
