Շարունակվում է ՇՊՀ-ի մասնակցությունը միջազգային համագործակցության առցանց ուսուցման (COIL) դասընթացներին
22/11/2024
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը մասնակցում է Էրազմուս+ SMARTI ծրագրի աշխատանքներին։ Ծրագրի հիմնանպատակն է մշակել Բոլոնիայի չափանիշներին համապատասխան թափանցիկ ազգային և միջազգային չափորոշիչներ, ինչպես նաեւ բարձրացնել ուսուցման արդյունավետությունը եւ որակը՝ խթանելով միջգիտաճյուղային դասավանդողների կարողությունները և ներմուծել կրթության նոր մոտեցումներ։ Ծրագրողի համակարգողի առաջարկով Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը ներգրավվել է նաև «Միջազգային համագործակցության առցանց ուսուցման դասընթացներին» (COIL)։ Անցկացվել են դասընթացներ կլիմայի փոփոխության լուծումների վիրտուալ շրջագայության վերաբերյալ, որը կազմակերպվել է «Պատասխանատու կառավարման կրթության սկզբունքներ» (PRME) աշխատանքային խմբի կողմից՝ կլիմայի փոփոխության եւ միջավայրի հարցերով, որը տրամադրել է արժեքավոր գիտելիքներ՝ կլիմայի անցանկալի փոփոխությունը լուծելու ուղղությամբ: Անցկացված երեք սեսիաներն առավել գործնական լուծումներ են առաջարկել եւ խթանել գլոբալ համագործակցությունը:
Առաջին սեսիայում ներկայացվեցին կլիմայի փոփոխության խնդիրներն ու լուծումները: Երկրորդ առցանց հանդիպման զեկուցողը Դոկտոր Քարեն Կրիպսն էր, (Օքսֆորդ, Բրուքս համալսարան, Մեծ Բրիտանիա), ով ներկայացրեց «Սնունդը և սննդի վատնումը» թեմայով զեկույց։ Դոկտոր Կրիպսը խոսեց այն մասին, թե ինչպես է սննդի արտադրությունը եւ վատնումը ստեղծում ածխածնային արտանետումներ, ինչպես նաեւ առաջարկեց լուծումներ՝ սննդի վատնումը նվազեցնելու եւ ավելի կայուն գործելաոճ կիրառելու վերաբերյալ: Երրորդ սեսիան, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, անցկացրեց Դոկտոր Ռաջուլ Սինգը (Կոնեստոգա քոլեջի տեխնոլոգիայի եւ առաջադեմ ուսուցման ինստիտուտ)։ Նրա զեկույցը նվիրված էր «Կայուն զարգացման նպատակների իրականացման արագացում» թեմային (SDGs)։ Դոկտոր Սինգը շեշտեց գլոբալ համագործակցության և նորարարությունների կարևորությունը կլիմայի փոփոխության լուծմանն ուղղված նպատակներին հասնելու համար:
Այժմ անցկացվում է հերթական աշխատանքային հանդիպումը COIL-ի շրջանակներում։ Առցանց հանդիպումները շատ արդյունավետ էին ՇՊՀ-ից մասնակցած 14 ուսանողների և աշխատակիցների համար։ Նրանք գտնում են, որ քննարկումները հետաքրքիր ու առնչվող էին իրենց ուսումնական ոլորտին։ Թերևս, այն պատճառով, որ քննարկումները վերաբերում էին մարդու գործունեության բացասական ազդեցությանը բնության վրա, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը, որն ազդում է թե՛ հասարակության, թե՛ բնապահպանության վրա։
Ընդհանուր առմամբ, «Միջազգային համագործակցության առցանց ուսուցման դասընթացները» (COIL) կլիմայի անցանկալի փոփոխությունների կանխման վերաբերյալ եղել են ոգեշնչող և մասնակիցներին տրամադրել են գործնական գիտելիքներ՝ ավելի կայուն ապագա կառուցելու համար:
Առաջիկայում ևս նախատեսվում են առցանց դասընթացներ տարբեր թեմաներով, որոնց ՇՊՀ-ն դարձյալ կմասնակցի։