Շիրակի պետական համալսարանում ամփոփվեց 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը
Հուլիսի 15-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ իրադարձությունը՝ կառավարական պարգևների հանձնման արարողությունը և հոբելյանական գրքի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, պաշտոնատար անձինք և հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա ընդգծեց, որ 90-ամյա բուհն ըստ արժանվույն գնահատվել է երկրի ղեկավարության կողմից․ հոբելյանի առթիվ Շիրակի պետական համալսարանը և համալսարանի երախտավորներն արժանացել են պետական բարձր գնահատականի և կառավարական պարգևների, ինչը պարտավորեցնում է աշխատելու ավելի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ։ Նա հավելեց, որ այս կարևոր հոբելյանը համալսարանը նշում է ոչ միայն հպարտությամբ, այլև գիտակցումով, որ այդ ճանապարհը պետք է վերաարժևորվի, փաստագրվի և փոխանցվի գալիք սերունդներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց համալսարանականներին բուհի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Շիրակի պետական համալսարանի երկարամյա, արժանապատիվ գործունեությունը, ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը պահանջում է անընդհատ նորացում և թարմացում, ուստի կրթության որակի բարձրացումը պետք է մշտապես առաջնորդի բոլորին։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ՇՊՀ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պետական պարգևներ հանձեց բուհի վաստակաշատ դասախոսներին:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ կարևորելով համալսարանի դերակատարությունը մարզի կրթական, գիտական և մշակութային զարգացման գործում։
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախարար Ժաննա Անդրեասյանին և մարզպետ Դավիթ Առուշանյանին նվիրեց «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» նորընծա գրքի առաջին օրինակները։



















