ՇՊՀ-ում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասը

Դեկտեմբերի 14-ին Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասին։ Հանդիպման ընթացքում Շառլ Մալասը մասնակիցներին ներկայացրեց «Ցամաքային (Չոր) նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ «Ցամաքային նավահանգիստը» նախատեսվում է կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, քանի որ այս տեղանքը անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Նա մանրամասներ ներկայացրեց մինչ այժմ իրականացված նախագծային աշխատանքներից և ներկաներին ցույց տվեց կառույցի նախագծված 3D տարբերակը, ինչպես նաև ներկայացրեց նախագծից ակնկալվող արդյունքները և օգուտները։
«Ցամաքային նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց, որը կունենա միջանցիկ ճանապարհներ, կսպասարկի տարածաշրջանային և միջազգային ընկերություններին և կդառնա համաշխարհային արժեքային շղթայի մաս։
Հանդիպման ավարտին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց Շառլ Մալասին բովանդակալից զրույցի համար և հաջողություններ մաղթեց երկրի զարգացման համար նման մեգածրագրի իրագործման ճանապարհին։
Հանդիպմանը մասնակցում էին ինչպես ՇՊՀ-ի, այնպես էլ ՀՊՏՀ ԳՄ-ի և ՀԱՊՀ ԳՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։